Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին
Վերջերս ստորագրված հուշագրի համաձայն՝ Ռուսաստանը օրական 300 միլիոն խորանարդ մետր (տարեկան 109 մլրդ խմ) գազ կմատակարարի Իրանին. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են իրանական Shana և Irna լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով երկրի նավթի նախարար Ջավադ Օուջիին:
Նա նշել է, որ մեծ ծավալի ռուսական գազ կմատակարարվի Իրան՝ ներքին սպառման և հարևան երկրների համար: Ընդ որում՝ նախարարը չի պարզաբանել, թե հատկապես որ երկրներ է ուղղվելու Ռուսաստանից ստացված «կապույտ» վառելիքը: Ջավադ Օուջին հայտնել է նաև, որ երկրի հյուսիսից հարավ ձգվելիք գազատարի կառուցման ծախսերը հոգալու է ռուսական կողմը:
Իրանցի նախարարը ստորագրված հուշագիրն անվանել է էներգետիկ դիվանագիտության գլուխգործոց, որը կարող է նախադրյալներ ստեղծել տնտեսական հեղափոխության համար և Իրանի օգնությամբ ապահովել տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը:
Հունիսի 26-ին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ռազմավարական հուշագիր էր ստորագրել Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) հետ՝ գազի մատակարարման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։