Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի վիճակահանությունը։ Հայտնի են Հայաստանի առաջին մասնակիցների՝ Արթուր Ալեքսանյանի(97 կգ) եւ Մալխաս Ամոյանի (77կգ) առաջին մրցակիցները։
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը մեկնարկային 1/8-րդ եզրափակիչում կլինի 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սին Ջուն Կիմը։
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում ուժերը կչափի 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն, 2024 թ. Բաքվում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Կունարի Սարկկինենի հետ։
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կմեկնարկեն օգոստոսի 6-ին՝ Երևանի ժամանակով 13:00-ից։