
Ցանկության դեպքում Զելենսկին կարող է գալ Մոսկվա․ Պեսկով
«Կիևի ռեժիմը շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը, ուստի՝ ներկայում խաղաղ բանակցությունների համար նախադրյալներ չկան»․ այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ՝ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպում անցկացնելը մինչև փորձագիտական մակարդակով աշխատանքների անցկացումը նպատակահարմար չէ. դա ժամանակի վատնում կլինի։
«Պուտինի և Զելենսկիի հանդիպման վերաբերյալ մեր դիրքորոշումը քաջ հայտնի է։ Պուտինը նշել է, որ Զելենսկին, եթե ցանկանա, կարող է գալ Մոսկվա», – հայտարարել է Պեսկովը։
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը նշել է, որ այս դեպքում «Կիևի ռեժիմի ղեկավարին կտրամադրվեն անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ»։
Պեսկովը նաև անդրադարձել է Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությանը՝ նշելով, որ դրա վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան։
«Բարձր մակարդակով որևէ հանդիպման վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան։ ՌԴ նախագահը պատրաստակամ է։ Իրենց հեռախոսազրույցներում նախագահներ Պուտինը և Թրամփը միշտ ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը», – նշել է Պեսկովը։


