31 Հուն
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թաղված հավի միսը ինչու՞ պիտանի չէր, ե՞րբ են հողից գտել, ի՞նչ խմբաքանակով․ Բաբկեն Պիպոյանը տեղեկությունները բավարար չի համարում

Թաղված հավի միսը ինչու՞ պիտանի չէր, ե՞րբ են հողից գտել, ի՞նչ խմբաքանակով․ Բաբկեն Պիպոյանը տեղեկությունները բավարար չի համարում

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ 13 հազար 500 կգ հավի միսը ոչնչացնելու որոշում է կայացվել թաղման եղանակով, սակայն «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ որևէ եզրակացություն անելու համար տեղեկությունը բավարար չէ, որովհետև եղածն էլ թերի է։

«Այս հարցով արձագանքել է միայն ՊԵԿ-ը, արձագանք չկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Տեղեկություն չկա անգամ, թե ի՞նչ ընթացակարգով է ոչնչացվել․ մաքսայի՞ն, թե՞ ոչ»։

Պիպոյանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ չկա տեղեկություն ապրանքում հայտնաբերված վտանգի մասին։ Ոչ պիտանին ո՞րն է՝ հարցնում է նա։

«Վտանգի մասին լիազոր մարմինը ոչ մի պարզաբանում չի տվել։ Գումարած դրան ՊԵԿ-ի հաղորդագրությունն է անհասկանալի։ Այնտեղ ասվում է՝ գնացել ու տեսել են, որ հողը քանդած է, հետո հանտնաբերել են պահեստում։ Ե՞րբ են գնացել պահեստ, ե՞րբ են գտել ամբողջ խմբաքանակը։ Հայտնի չէ նաև, թե ինչքանն են գտել»․- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Պիպոյանը հորդորել է ՊԵԿ-ին ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ ու պատասխանել հարցերին։