Գազայի հարցով բանակցությունները կշարունակվեն այսօր
Դոհայում Գազայի հարցով բանակցողները երեկ քննարկել են չլուծված հարցերն ու համաձայնագրի իրականացման մեխանիզմները։ Ինչպես տեղեկացնում է եգիպտական Al Qahera News հեռուստաալիքը, բանակցությունները կշարունակվեն այսօր՝ ուրբաթ օրը։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի առաջնորդները օգոստոսի 9-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Իսրայելին և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն՝ օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում։ Միջնորդները հայտարարել են նաև համաձայնագրի վերջնական նախագիծ ներկայացնելու պատրաստակամության մասին, որը հիմնված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջ քաշած սկզբունքների վրա և պաշտպանվում է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևով։