Եթե ֆակուլտետների ղեկավար կազմում պինդ լինեն, բուհի ղեկավարությունը որևէ դասախոսի հեռացնել չի կարողանա․ Ռուբեն Մելիքյան
Շատերը վրդովվեցին՝ տեղեկանալով Աբրահամ Գասպարյանին և Մենուա Սողոմոնյանին Համալսարանից դե ֆակտո հեռացնելու մասին (դե յուրե՝ դասավանդած առարկաներն ուսումնական ծրագրերից հանվում են, և այդ հիմքով նոր պայմանագիր չի կնքվում): Պարզ է, որ բուն պատճառը նրանց քաղաքական հայացքներն են․ այս մասին գրել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը։
«Բայց վրդովմունքի ու «դատապարտման» ալիքի մեջ կարծես աչքաթող է արվում երկու կարևոր փաստ, և հիմա ուզում եմ լրացնել այդ բացը.
1) Նման «օպերացիա» իրականացնելու հարցում առաջնային դեր ունի կոնկրետ ֆակուլտետների ղեկավար կազմը։ Եթե պինդ լինեն, ապա ոչ մի բուհի ղեկավարություն չի կարողանա հեռացնել որևէ դասախոսի։
2) ԵՊՀ ներկայիս ղեկավար կազմը ձևավորվել է հայտնի «տրոյկայի» ջանքերով։ Նրա՛նց ենք մոռանում։ Օրինակ, մոռանում են «զավթիչ տրոյկայի» անդամ, գերագույն հեծանվորդի օգնական Եղիշե Կիրակոսյանին, որը փայլուն օրինակ է այն իրողության, որ մարդը կարող է լինել փայլուն մասնագետ, բայց իր գիտելիքն ու դրա հետևանքով ձևավորված հեղինակությունը ծառայեցնել գերագույն չարիքին (ձեռի հետ էլ՝ փոքր հարցերում երբեմն դրսևորել հանրօգուտ վարքագիծ)»,- գրել է նա։