Պակիստանում «ահաբեկչական հարձակման» հետևանքով Չինաստանի երկու քաղաքացի է զոհվել, մեկը՝ վիրավորվել
Պակիստանում Չինաստանի դեսպանատունը հայտնել է, որ իր քաղաքացիներից առնվազն երկուսը զոհվել են, իսկ երրորդը վիրավորվել Կարաչիի օդանավակայանի մոտ իրենց ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով:
Պակիստանի Geo News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 10 մարդ վիրավորվել է:
Չինաստանի դեսպանատունը դատապարտել է «ահաբեկչական հարձակումը» և խնդրել «պակիստանյան կողմին մանրակրկիտ հետաքննել հարձակումը, խստորեն պատժել մեղավորներին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Պակիստանում Չինաստանի քաղաքացիների, հաստատությունների և նախագծերի անվտանգությունը պաշտպանելու համար»։
Փրկարարների ծառայության աշխատակիցը հայտնել է, որ պայթյունի հետևանքով 10 ավտոմեքենա է վնասվել, և չորսը՝ ոչնչացվել։
Ավելի վաղ լրագրողներին էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարության մեջ «Բելուջիստանի ազատագրման բանակ» (BLA) զինված խմբավորումն հարձակման պատասխանտվություննը վերցրել էր իր վրա և նշել, որ կիրառվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
BLA-ն ցանկանում է անկախություն Բելուջիստանի համար և մաս է կազմում ավելի լայն ապստամբության Պակիստանի ամենամեծ և ամենաքիչ բնակեցված նահանգում, որը սահմանակից է Իրանին և Աֆղանստանին։