
Իրանում պարզաբանել են Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսվող վճարների բնույթը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնելու համար որևէ պաշտոնական «տուրք» կամ «տարանցիկ վճար» գոյություն չունի, սակայն ջրային ուղու սպասարկումն ու անվտանգության ապահովումը ծախսեր են ենթադրում․ հաղորդում է ABC Australia-ն։
«Որևէ տուրք չկա։ Մենք պետք է ուշադիր լինենք օգտագործած բառերի նկատմամբ։ Մենք գումարի հետևից չենք վազում։ Իրանն ու Օմանը պետք է մշակեն արձանագրություններ նավերի անվտանգ անցման համար, և դա հիմնված է լինելու միջազգային օրենքների վրա․ սա արվում է ինչպես մեր երկրի, այնպես էլ աշխարհի բոլոր պետությունների շահերից ելնելով»,- նշել է պաշտոնյան։
Բաղայիի խոսքով՝ նեղուցով անցնող նավերից ակնկալվող վճարները կապված են լինելու բացառապես մատուցվող ծառայությունների հետ։
«Միանգամայն բնական է, որ մեր մատուցած ծառայությունները, ինչպիսիք են նավագնացության աջակցությունը, նաև Հորմուզի նեղուցի, Պարսից ծոցի և Օմանի ծովի էկոհամակարգի պահպանումը, ունենալու են ծախսեր։ Դրանք չպետք է դիտարկվեն որպես տուրքեր։ Իրանն ու Օմանը պատասխանատվություն են կրում այս ջանքերի համար, և հուսով եմ՝ մենք շուտով հանգելու ենք վերջնական եզրակացության»,- հավելել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։


