
Փաշինյանը ՀՀ-ի համար «խաղաղության երաշխավոր» չէ, այլ «սրիկա, որը որոշ ժամանակով իշխանության գլուխ է բարձրացվել»․ Մեդվեդև
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական տրամադրված ղեկավարություն Երևանում: Ուղու ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է․ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը РИА Новости-ի հետ զրույցում։
Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին, որը կվնասի ամբողջ հայ ազգին և երկրի տնտեսությանը։
«Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը և իրավահավասար փոխգործակցությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ», – նշել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի վտանգավոր ուղու հետևանքով Հայաստանի ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը։
«Ինչպես երևում է, նա մեզ համարում է հիմարներ։ Միևնույն ժամանակ՝ նա մեծ սխալ է թույլ տվել իր հաշվարկներում և հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար», – նշել է Մեդվեդևը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը ստիպված լինի ռուսական գազ գնել եվրոպական գներով, որոնք ներկայիս գնից եռակի թանկ են։ Անվտանգության խորհրդի փոխնախագահն առաջարկել է Հայաստանի վարչապետին հարցնել քաղաքացիներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են նման գնի։
«Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մտերիմ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ես ընդգծում եմ՝ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, ոչ թե որևէ հայ ղեկավար», – նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը փոխե՞լ է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որպես գործընկերոջ։
Մեդվեդևը հավելել է, որ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի և հայ ժողովրդի առանձնահատուկ հարաբերությունների թեման։
«Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, նա ասաց. «Դուք երբեք չեք ընդունի ինձ. ես ձեզ համար օտար եմ», – հիշել է Մեդվեդևը։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ այդ պահին ինքը վստահեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարին, որ Մոսկվայի համար «չկան բարեկամներ կամ թշնամիներ»։ Այդ ժամանակ Մեդվեդևը Փաշինյանին հիշեցրել է, որ Ռուսաստանում «ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում»։
Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ զրույցը որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի վարչապետի վրա. «Նա ուշադրություն չդարձրեց այս խոսքերին և չգնահատեց Ռուսաստանից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները»։
Ավելին, Մեդվեդևն ընդգծել է, որ Փաշինյանը Հայաստանի համար «խաղաղության երաշխավոր» չէ, այլ պարզապես «սրիկա, որը որոշ ժամանակով իշխանության գլուխ է բարձրացվել»։


