
Այս իշխանությունն ամեն ինչ անում է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար, մի՛ արեք, գինը դուք չեք տալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Վայքում
Այս տարածաշրջանում մի քանի հարյուր տարի մրցել են Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը։ Եվ ՌԴ-ն միակ երկիրն է, որ կարող է հակակշռել Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում․ այսօր Վայքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Բայց այս իշխանությունն ամեն ինչ անում է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար, ամեն ինչ։ Բայց ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող պետություն է, ուժ է, այլ նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերը»,- ասաց նա՝ հավելելով՝ ՀՀ բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը զգալիորեն կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։
«Եվ չես կարող դու ուղղակի այս փաստից փախչել։ Հիմա ՌԴ-ն ասում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, դուք պրոբլեմներ եք ունենալու, մի՛ արեք նման բան։ Ու նույնն էլ ես եմ ասում՝ մի՛ արեք, գինը դուք չեք տալու, գինը տալու է հայ ժողովուրդը»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը։


