
Ալիևի նպատակը ՀՀ-ի հետ խաղաղությունը չէ, այլ զիջումները․ Մայքլ Ռուբին
Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի։ Այժմ թվում է, թե Թրամփի խաղաղարար ջանքերի «գլուխգործոցը»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, փլուզման եզրին է․ այս մասին Middle East Forum-ում գրել է ամերիկացի փորձագետ, «Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ»-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։
Նրա խոսքով՝ հրադադարից հետո Թրամփը որդեգրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «միջանցքի» վերաբերյալ առաջարկը՝ այն վերանվանելով «Թրամփի երթուղի» (TRIPP)։ Թրամփի վարչակազմի՝ միջանցքի վերաբերյալ պատկերացումը միշտ էլ թերի է եղել երկու պատճառով։ Նախ՝ եթե Թուրքիան և Ադրբեջանը վերացնեին Հայաստանի շրջափակումը, միջանցքի կարիք չէր լինի։ Երկրորդ՝ Ադրբեջանն Իրանի հետ համագործակցում է սեփական կամքով, այլ ոչ թե անհրաժեշտությունից դրդված. 2022 թվականին նա գործարկեց Իրանի տարածքով անցնող միջանցք։
Մինչ Փաշինյանը պնդում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության հարցում՝ փաստարկելով, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Հայաստանն այլ ընտրություն չունի, նրա քննադատները մշտապես մտահոգություն են հայտնել Ալիևի անկեղծության վերաբերյալ։
Ադրբեջանի պահանջներն աճում են հայկական զիջումներին համամասնորեն։ Դրանք ավելի հաճախ են դուրս գալիս ողջամտության սահմաններից և հասնում աբսուրդի։ Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է եղել դեռևս Հայոց ցեղասպանությունից առաջ, սակայն Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում են (իսկ Փաշինյանը համաձայնում է) հայկական խորհրդանիշների շարքից հանել Արարատը՝ այն հիմնավորմամբ, որ այն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Ալիևն ազդարարում է, որ չնայած Փաշինյանի զիջումներին՝ հաշտեցումն Ադրբեջանի օրակարգում չէ։ 2026 թվականի հոկտեմբերի 2-ին՝ իր քաղաքական կուսակցության համագումարում ելույթ ունենալիս, Ալիևը հայտարարեց. «Ճիշտ է՝ Հայաստանի նախկին ղեկավարները պատերազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը, սակայն հենց Հայաստանի գործող իշխանություններն էին, որ տարածքային պահանջներ ներկայացրին մեզ և վիրավորեցին ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը՝ անպատշաճ և ոչ քաղաքակիրթ հայտարարություններով։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»։
«Տարբեր վարչակազմերի օրոք խաղաղության հաստատման գործընթացի հաջողությանը խոչընդոտող ամենամեծ գործոնը Սպիտակ տան և Պետդեպարտամենտի կողմից գաղափարախոսության կարևորությունը չգիտակցելն է։ Դիվանագետները մխիթարվում են այն մտքով, թե բոլոր հակամարտությունների հիմքում ընկած են սովորական դժգոհություններն ու խնդիրները։ Նման պայմաններում խաղաղություն հաստատելու համար պահանջվում է գտնել զիջումների և փոխզիջումների ճիշտ «կախարդական բանաձևը»։ Սակայն, երբ որոշումների կայացումը պայմանավորված է գաղափարախոսությամբ, տնտեսական բարելավումն այլևս չի ծառայում որպես համաձայնության հասնելու շարժառիթ», - գրում է հեղինակը։
Նա հավելել է, որ թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի վարչակազմերում Հարավային Կովկասի հարցերով զբաղվողները չեն հասկանում հակամարտության արմատական պատճառները և չեն կարողանում տարբերակել իրական վայրագությունները մեծ մասամբ կեղծ վայրագություններից, ինչպիսին է Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանությունը։ Նրանք նաև սխալ են ընկալում Լեռնային Ղարաբաղի վեճի հիմքում ընկած սահմանադրական խնդիրները։
Ալիևի հայտարարությունները, սակայն, ցույց են տալիս, որ խաղաղությունը նրա նպատակը չէ։ Ալիևը բանակցությունները կօգտագործի զիջումներ կորզելու համար, իսկ այնուհետև պարզապես կհեռանա բանակցային սեղանից։
«Մինչ Թրամփն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ներկայացնում է որպես «գործարք կնքելու արվեստի» նմուշ, Ալիևի կողմից Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող հռետորաբանությանն է՛լ ավելի մեծ շեշտադրում տալը վկայում է այն մասին, որ նա Թրամփին դիտարկում է ոչ թե որպես դաշնակցի, այլ որպես միամիտ մարդու, ում կարելի է հեշտությամբ շահարկել կամ ճնշել։ Եթե Թրամփը հրաժարվի ընդունել, որ իր խաղաղության նախաձեռնությունը վտանգված է, և եթե Փաշինյանը շարունակի կառավարել ինչպես մոլի խաղացող, որը կարծում է, թե ևս մի խաղադրույքը կարող է փոխհատուցել դիվանագիտական անհաջողությունների շարքը, ապա երկու առաջնորդների իրական ժառանգությունը կդառնա Հայաստանում քրիստոնեության վախճանի գործընթացի ղեկավարումը», - նշում է հոդվածագիրը։


