22 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է կարկուտը, ինչպե՞ս է առաջանում և որքանո՞վ է վտանգավոր

Ի՞նչ է կարկուտը, ինչպե՞ս է առաջանում և որքանո՞վ է վտանգավոր

Կարկուտը եղանակային վտանգավոր երևույթներից մեկն է։ Ամեն տարի այն զգալի վնասներ է հասցնում տնտեսությանը, իսկ խոշոր կարկտահատիկների տեղումները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջության և նույնիսկ կյանքի համար․ Facebook-ի իր էջում ներկայացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ինչպե՞ս է առաջանում կարկտահատիկը

Կույտաանձրևային ամպի ներսում առկա են օդի հզոր վերընթաց հոսանքներ։ Դրանք ջրի կաթիլները բարձրացնում են 8–12 կմ բարձրություն, որտեղ օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է 0°C-ից։ Այդ պայմաններում կաթիլը սառչում է և ձևավորվում է կարկտահատիկի միջուկը։

Այնուհետև, ընկնելով նույն ամպի վարընթաց հոսանքներում, կարկտահատիկի միջուկը սկսում է իջնել՝ բախվելով գերսառեցված ջրի կաթիլների հետ։ Դրանք սառչում և կպչում են կարկտահատիկին, ինչի հետևանքով այն մեծանում է։ Հետո այն նորից ընկնում է ուժեղ վարընթաց հոսանքի մեջ, որը կրկին վեր է բարձրացնում վերջինիս։ Այս գործընթացը բազմիցս կրկնվում է, և յուրաքանչյուր ցիկլի ընթացքում կարկտահատիկը շարունակում է աճել։

Սակայն գալիս է մի պահ, երբ այն դառնում է չափազանց ծանր։ Վերընթաց հոսանքն այլևս չի կարողանում պահել այն, և կարկտահատիկը ընկնում է գետին։

Ի՞նչ կա կարկտահատիկի ներսում

Եթե կտրենք կարկտահատիկը, ներսում կտեսնենք շերտեր՝ ծառերի տարեկան օղակների նման։ Պղտոր սառույցի շերտերը հերթագայվում են թափանցիկ շերտերի հետ։

Յուրաքանչյուր այդպիսի շերտ արտացոլում է կարկտահատիկի մեկ վերելք և մեկ իջեցում կույտաանձրևային ամպի ներսում։ Շերտերի քանակով նույնիսկ կարելի է մոտավոր գնահատել, թե քանի անգամ է կարկտահատիկը «ճանապարհորդել» ամպի ներսում։

Կարևոր է հիշել՝ կարկուտ ձևավորվում է միայն կույտաանձրևային (Cb) ամպերում։

Որքա՞ն մեծ կարող է լինել կարկուտը

  • Սիսեռի չափ կարկուտը սովորաբար վտանգավոր չէ։
  • Բալի չափ կարկուտը կարող է վնասել ծառերի տերևներն ու բերքը։
  • Ընկույզի չափ կարկուտը կարող է կոտրել ավտոմեքենաների և ջերմոցների ապակիները, վնասել տանիքները։
  • Թենիսի գնդակի չափ կարկուտը կարող է ծակել տանիքներ, վնասել ավտոմեքենաների թափքերը և լուրջ վնասվածքներ պատճառել մարդկանց։
  • Խնձորի կամ նարնջի չափ կարկուտն արդեն իրական վտանգ է մարդու կյանքի համար։
  • Թենիսի գնդակի չափ կարկուտի ձևավորվան համար ամպի ներսում վերընթաց հոսանքների արագությունը պետք է գերազանցի 100 կմ/ժ-ը։

Համաշխարհային ռեկորդներ

  • ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 2023 թվականին գրանցվել է շուրջ 17 սմ տրամագծով կարկտահատիկ՝ գրեթե ափսեի չափ։
  • Աշխարհում արձանագրված ամենածանր կարկտահատիկը տեղացել է ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում 2010 թվականին։ Այն կշռել է գրեթե 1 կիլոգրամ և եղել է գրեյպֆրուտի չափ։

Կարկտային ծածկույթ

Երբեմն կարկուտն այնքան ինտենսիվ է լինում, որ գետնի մակերևույթի վրա կարճ ժամանակով ձևավորվում է կարկտային ծածկույթ։ Այդ դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, թե ձյուն է տեղացել։

Ինչո՞ւ հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել

Կարկուտը սովորաբար դիտվում է շատ սահմանափակ տարածքներում։ Քանի դեռ կարկտաբեր օջախը չի ձևավորվել ամպի ներսում, դրա առաջացումը մեծ ճշգրտությամբ կանխատեսել հնարավոր չէ։ Վերջինիս կանխատեսման համար անհրաժեշտ է աերոլոգիական և ռադիոլոկացիոն մոնիթորինգի ժամանակակից համակարգ»,- հանգամանալից ներկայացրել է Ազիզյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026