
Ի՞նչ է կարկուտը, ինչպե՞ս է առաջանում և որքանո՞վ է վտանգավոր
Կարկուտը եղանակային վտանգավոր երևույթներից մեկն է։ Ամեն տարի այն զգալի վնասներ է հասցնում տնտեսությանը, իսկ խոշոր կարկտահատիկների տեղումները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջության և նույնիսկ կյանքի համար․ Facebook-ի իր էջում ներկայացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ինչպե՞ս է առաջանում կարկտահատիկը
Կույտաանձրևային ամպի ներսում առկա են օդի հզոր վերընթաց հոսանքներ։ Դրանք ջրի կաթիլները բարձրացնում են 8–12 կմ բարձրություն, որտեղ օդի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է 0°C-ից։ Այդ պայմաններում կաթիլը սառչում է և ձևավորվում է կարկտահատիկի միջուկը։
Այնուհետև, ընկնելով նույն ամպի վարընթաց հոսանքներում, կարկտահատիկի միջուկը սկսում է իջնել՝ բախվելով գերսառեցված ջրի կաթիլների հետ։ Դրանք սառչում և կպչում են կարկտահատիկին, ինչի հետևանքով այն մեծանում է։ Հետո այն նորից ընկնում է ուժեղ վարընթաց հոսանքի մեջ, որը կրկին վեր է բարձրացնում վերջինիս։ Այս գործընթացը բազմիցս կրկնվում է, և յուրաքանչյուր ցիկլի ընթացքում կարկտահատիկը շարունակում է աճել։
Սակայն գալիս է մի պահ, երբ այն դառնում է չափազանց ծանր։ Վերընթաց հոսանքն այլևս չի կարողանում պահել այն, և կարկտահատիկը ընկնում է գետին։
Ի՞նչ կա կարկտահատիկի ներսում
Եթե կտրենք կարկտահատիկը, ներսում կտեսնենք շերտեր՝ ծառերի տարեկան օղակների նման։ Պղտոր սառույցի շերտերը հերթագայվում են թափանցիկ շերտերի հետ։
Յուրաքանչյուր այդպիսի շերտ արտացոլում է կարկտահատիկի մեկ վերելք և մեկ իջեցում կույտաանձրևային ամպի ներսում։ Շերտերի քանակով նույնիսկ կարելի է մոտավոր գնահատել, թե քանի անգամ է կարկտահատիկը «ճանապարհորդել» ամպի ներսում։
Կարևոր է հիշել՝ կարկուտ ձևավորվում է միայն կույտաանձրևային (Cb) ամպերում։
Որքա՞ն մեծ կարող է լինել կարկուտը
- Սիսեռի չափ կարկուտը սովորաբար վտանգավոր չէ։
- Բալի չափ կարկուտը կարող է վնասել ծառերի տերևներն ու բերքը։
- Ընկույզի չափ կարկուտը կարող է կոտրել ավտոմեքենաների և ջերմոցների ապակիները, վնասել տանիքները։
- Թենիսի գնդակի չափ կարկուտը կարող է ծակել տանիքներ, վնասել ավտոմեքենաների թափքերը և լուրջ վնասվածքներ պատճառել մարդկանց։
- Խնձորի կամ նարնջի չափ կարկուտն արդեն իրական վտանգ է մարդու կյանքի համար։
- Թենիսի գնդակի չափ կարկուտի ձևավորվան համար ամպի ներսում վերընթաց հոսանքների արագությունը պետք է գերազանցի 100 կմ/ժ-ը։
Համաշխարհային ռեկորդներ
- ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 2023 թվականին գրանցվել է շուրջ 17 սմ տրամագծով կարկտահատիկ՝ գրեթե ափսեի չափ։
- Աշխարհում արձանագրված ամենածանր կարկտահատիկը տեղացել է ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում 2010 թվականին։ Այն կշռել է գրեթե 1 կիլոգրամ և եղել է գրեյպֆրուտի չափ։
Կարկտային ծածկույթ
Երբեմն կարկուտն այնքան ինտենսիվ է լինում, որ գետնի մակերևույթի վրա կարճ ժամանակով ձևավորվում է կարկտային ծածկույթ։ Այդ դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, թե ձյուն է տեղացել։
Ինչո՞ւ հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել
Կարկուտը սովորաբար դիտվում է շատ սահմանափակ տարածքներում։ Քանի դեռ կարկտաբեր օջախը չի ձևավորվել ամպի ներսում, դրա առաջացումը մեծ ճշգրտությամբ կանխատեսել հնարավոր չէ։ Վերջինիս կանխատեսման համար անհրաժեշտ է աերոլոգիական և ռադիոլոկացիոն մոնիթորինգի ժամանակակից համակարգ»,- հանգամանալից ներկայացրել է Ազիզյանը։


