
Սովամահության շեմին․ որդին վերակենդանացման բաժնում է, հայրը՝ անհետ կորած
Արմավիրի մարզից տարածված տեսանյութը, որում սովամահության եզրին հայտնված որդու համար տարեց հայրն օգնություն էր խնդրում, երեկվանից քննարկվում է համացանցում։ Կադրերում հայր ու որդի են՝ ծայրահեղ անմխիթար պայմաններում։ 57-ամյա տղամարդը գետնին պառկած է, հյուծված վիճակում, չի կարողանում շարժվել, նստել կամ խոսել։ Նրա տարեց հայրը օգնություն է խնդրում՝ խնդրելով բժիշկ կանչել որդու համար։ Տղամարդկանց մասին պատմող տեսանյութը հրապարակել է «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ տեսանյութն իրեն է ուղարկել քաղաքացիներից մեկը՝ ահազանգելով Արմավիրում երկու տղամարդկանց ծայրահեղ ծանր կենցաղային պայմանների մասին։ Կիրակոսյանը հաջորդ օրն անձամբ մեկնել է Արմավիր։
Նա ABC Media-ին պատմեց, որ իր ահազանգից հետո դեպքի վայր են գնացել նաև տարածքային սոցիալական աշխատողները, շտապ օգնություն են կանչել և տղամարդկանց տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն։ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ 57-ամյա տղամարդուց անալիզներ են վերցրել և արձանագրել ջրազրկում ու սովամահության վիճակ։ Սակայն, նրա խոսքով, բժիշկները նշել են, որ կյանքին վտանգ չի սպառնում։ Կիրակոսյանը նաև պնդում է, որ հիվանդանոցում տղամարդուն երկար չեն պահել և առաջարկել են նրան տեղափոխել մասնավոր խնամքի կենտրոն։ Ավելի ուշ 57-ամյա տղամարդուն Արմավիրից տեղափոխել են Երևան։ Այս պահին նա գտնվում է Երևանի 8-րդ հիվանդանոցում՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ նրա տարեց հոր՝ Համլետի գտնվելու վայրն այս պահին անհայտ է։ Արկադի Կիրակոսյանը սպասում է քրեական ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի սկսվեն տղամարդու որոնողական աշխատանքները, քանի որ տղամարդը հրաժարվում է խնամքի կենտրոն գնալ: Արկադի Կիրակոսյանը պատրաստվում է դրամահավաք կազմակերպել, նշում է նաև, որ հայրն իր հետ զրույցում ասել է, որ իրենց խաբել են, ու խարդախության զոհ են դարձել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքին նախկինում առաջարկվել է խնամքի հաստատություն տեղափոխվելու տարբերակ, սակայն առաջարկից տղամարդիկ հրաժարվել են։ Սակայն նախարարության ներկայացուցիչը չհստակեցրեց, թե վերջին անգամ երբ է սոցիալական աշխատակիցն այցելել ընտանիքին, կամ ինչ ժամանակահատվածում է նրանց առաջարկվել խնամքի հաստատություն տեղափոխվել։


