27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզի կենտրոնական պուրակներից մեկն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

Փարիզի կենտրոնական պուրակներից մեկն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվեց Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը․ հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։

Արարողությանը ներկա էին նաև մի շարք խորհրդարանականներ, Փարիզում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարակական, քաղաքական և մշակութային անվանի գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։

Իր ելույթում Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն կարևորեց Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով նաև յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն:

Քաղաքապետ Հիդալգոն նաև հայտարարեց, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:

Արարողությունը մեկնարկեց մեծանուն երգչի «Սիրում եմ Փարիզը մայիս ամսին» (J’aime Paris au mois de mai) հայտնի երգով, իսկ ընթացքում հնչեցին երգչի ամենահայտնի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպիսիք են՝ «Ես ինձ պատկերացնում էի արդեն» (Je m’voyais déjà) , «Ինձ տարեք…» (Emmenez-moi), «Ինձ համար հիասքանչ ես» (For me Formidable), «Լա Բոհեմ» (La Bohème)։

Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետերի և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվեց պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։