Telegram-ի հիմնադիր Դուրովի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Ֆրանսիայի դատական իշխանությունները 48 ժամով երկարաձգել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքի ժամկետը․ հայտնում է AFP-ն։ Դուրովը, որը նաև Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, օգոստոսի 24-ի երեկոյան ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բաքվից վերադարձած Դուրովը մասնավոր ինքնաթիռից դուրս գալիս է եղել։ Հարցաքննության համար նախնական կալանքի ժամկետը կարող է տևել առավելագույնը 96 ժամ․ նշում են AFP-ի լրագրողները։ Այս ընթացքում Դուրովին պետք է մեղադրանք առաջադրվի կամ ազատ արձակվի, հայտնում է գերմանական Deutsche Welle-ն։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ նա ձերբակալվել է խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհարձակման, կազմակերպված հանցավորության, երեխաների դեմ հանցագործությունների և ահաբեկչության քարոզչության վերաբերյալ գործի նախաքննության շրջանակներում: Ֆրանսիայի իշխանություններն ու իրավապահ մարմինները չեն մեկնաբանել Դուրովի կալանավորումը։
Փարիզի դատախազությունը, ի պատասխան ТАСС-ի հարցման, հայտնել է, որ մամուլի ամբողջական հայտարարությունը կհրապարակվի օգոստոսի 26-ին։ Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը ֆրանսիական իշխանություններից պահանջել է պարզաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության պատճառները, սակայն ֆրանսիական իշխանություններն առայժմ խուսափում են այդ հարցում գործակցությունից:
Դեսպանատանը նշել են, որ կապի մեջ են նաև Դուրովի փաստաբանի հետ: