13 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը չի բավարարվի նոր տարածքներով, հաջորդ պահանջը կլինի բանակը. Սաղաթելյան

Ադրբեջանը չի բավարարվի նոր տարածքներով, հաջորդ պահանջը կլինի բանակը. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր տեսաուղերձով անդրադարձել է 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։

«4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անցավ լայնածավալ հարձակման, ունեցանք 224 զոհ, և ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 200 քկմ օկուպացվեց Ադրբեջանի կողմից»,- հիշեցրել է Սաղաթելյանը՝ շեշտելով, որ դրանից առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, առանց կրակոցի Փաշինյանը Ադրբեջանին էր հանձնել Քարվաճառի, Ակնայի, Բերձորի շրջանները, Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի ու Սև լճի հատվածները։ «Այս բոլոր հանձնումներն իրականացրել էր՝ «մի մասը զիջենք, մնացածը պահելու երաշխավորությամբ» տրամաբանությամբ։ Զիջենք, որ պատերազմ տեղի չունենա։ Այդ բոլոր զիջումներից հետո տեղի ունեցավ սեպտեմբերյան աղետալի մեկօրյա պատերազմը, ունեցանք նման կորուստներ»,- ասել է Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ից 200 քկմ տարածք օկուպացնելուց հետո Ադրբեջանը չբավարարվեց, և տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը, իսկ 2024-ին Ալիևն ու Փաշինյանը ժողովրդին կրկին կանգնեցրին երկընտրանքի առջև՝ «Տավուշի հատվածից զիջել նոր տարածքներ»։ Ըստ Սաղաթելյանի՝  Փաշինյանն էլ հայտարարեց, որ եթե չզիջենք, կունենանք պատերազմ։

Սաղաթելյանը նկատել է, որ կրկին երկընտրանքի առաջ են կանգնեցրել ժողովրդին՝ այս անգամ Տիգրանաշենը զիջելու հարցով: Սաղաթելյանի խոսքով՝ եթե Փաշինյանին ու Ալիևին հաջողվի ՀՀ-ից նոր զիջումներ կորզել, Ադրբեջանը կրկին դրանով չի բավարարվի։ Ադրբեջանի հաջորդ պահանջը, ըստ Սաղաթելյանի,  կլինի ՀՀ-ի՝ բանակ չունենալը, Փաշինյանը մեզ նույն տրամաբանությամբ առաջ է քաշելու բանակ չունենալու պահանջը։

«Պատերազմ ուզող, պատերազմ բերողը, տարածքներ զիջողը ՔՊ-ն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- հավելել է Սաղաթելյանը։ Հետո, դիմելով ժողովրդին, ասել է, որ մեր խնդիրն է տեղիք չտալ Փաշինյանի շանտաժին ու պարտադրանքին և տեր կանգնել մեր երկրի տարածքային ամբողջականությանը

Ռազմագերիներ   Ռազմագերիներ