
Եվրոպայի միգրացիոն բումերանգը․ ի՞նչ է կատարվում փողոցներում
Այրվող մեքենաներ, ջարդված ցուցափեղկեր, բախումներ ոստիկանության հետ․ Ֆրանսիայի փողոցներից տարածվող կադրերը նոր քննարկումներ են առաջացրել Եվրոպայում միգրանտների դերի և տարիներ շարունակ իրականացված միգրացիոն քաղաքականության հետևանքների շուրջ։ Ովքե՞ր են բողոքի ամենաակտիվ մասնակիցները, և Եվրոպան արդյոք բախվո՞ւմ է ներգաղթյալների ինտեգրման քաղաքականության հարցում բացթողումներին։
Եվրոպայում ծայրահեղականության տարածման վտանգի մասին դեռ 2017 թվականին զգուշացրել էր Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը։
«Կգա մի օր, երբ մենք կտեսնենք շատ ավելի շատ արմատական ծայրահեղականների և ահաբեկիչների, որոնք դուրս են գալիս Եվրոպայից։ Դա տեղի կունենա որոշումներ չկայացնելու, քաղաքականապես կոռեկտ երևալու փորձերի պատճառով»,- հայտարարել էր ԱՄԷ արտգործնախարարը՝ քննադատելով եվրոպական իշխանությունների մոտեցումները։
Իսկ այսօր արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապում միգրացիոն քաղաքականության հետ։ Նրա համոզմամբ՝ ստեղծված վիճակը սահմանների նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու հետևանք է։ Թրամփը հայտարարել է, որ դեռ իր առաջին նախագահական ժամկետում զգուշացրել էր Էմանուել Մակրոնին ներգաղթյալների մեծ հոսքի հնարավոր հետևանքների մասին։
«Ես Էմանուելին դեռ շատ վաղուց էի ասում, որ նա մեծ սխալ է թույլ տալիս։ Ասում էի՝ թույլ եք տալիս, որ ամբողջ աշխարհը լցվի ձեր երկիր։ Նման պարագայում Փարիզը շուտով դառնալու է մուսուլմանական քաղաք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ հակադարձել է Թրամփին՝ նրան մեղադրելով Ֆրանսիայի ներքին խնդիրները քաղաքական նպատակներով օգտագործելու համար։
«Եղել են մարդիկ, որոնք ասել են, թե, իբր, մեր երկիր ներխուժել են միգրանտների և իսլամիստների ամբոխներ, ինչը լիովին կեղծ է»,- հայտարարել է Մակրոնը։
Իսկ փորձագիտական մեկնաբանությունն ավելի խորքային է։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ միգրանտների մասնակցությունն այդ գործընթացներին բավական բարձր է։ Առհասարակ, Եվրոպայում սոցիալական դժգոհությունն առավել ակտիվ արտահայտող շրջանակներից են հենց միգրանտները։
«Սակայն սա Եվրոպայի համար նոր երևույթ չէ։ Իհարկե, նկատելի է նաև այդ գործընթացների խորացման որոշակի միտում, բայց, իմ գնահատմամբ, առայժմ դրանք եվրոպական կառավարությունների համար վիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու անմիջական վտանգ չեն պարունակում։ Մենք տեսնում ենք, որ թեև դժվարությամբ, այնուամենայնիվ, եվրոպական կառավարություններին հաջողվում է իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Սա, իհարկե, չի նշանակում, որ վաղը նրանք չեն կարող կորցնել այդ վերահսկողությունը»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։
Իսկ որքանո՞վ է փոխվել Եվրոպայի բնակչության կազմը։
Եվրոստատի՝ 2025 թվականի տվյալով՝ Գերմանիայում ապրում է արտասահմանում ծնված շուրջ 17 միլիոն մարդ, Ֆրանսիայում՝ 9,6 միլիոն, Իսպանիայում՝ 9,5 միլիոն, Շվեդիայում՝ 2,2 միլիոն։
Եվրոպայում ինտեգրման խնդիրների մասին խոստովանել են նաև պետական մակարդակով։ Շվեդիայի նախկին վարչապետ Մագդալենա Անդերսոնը դեռ 2022-ին հայտարարել էր, որ երկիրը ձախողել է ներգաղթյալների ինտեգրումը, ինչի պատճառով ձևավորվել են հասարակությունից մեկուսացած համայնքներ։
Սակայն անկարգությունները դարձել են նաև քաղաքական պայքարի գործիք։ Բադալյանի կարծիքով՝ Թրամփը ստեղծված վիճակը գործածում է սեփական կոշտ միգրացիոն քաղաքականությունը հիմնավորելու համար։
«Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում նա բավական կոշտ միգրացիոն քաղաքականություն է վարում, ինչն էլ իր հերթին որոշակի դժգոհություններ է առաջացնում հենց ԱՄՆ-ում։ Այժմ Թրամփը, անդրադառնալով Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի ունեցող անկարգություններին, փորձում է ցույց տալ, որ իր մոտեցումները հիմնավորված են։ Իհարկե, նա դա միշտ չէ, որ ուղիղ է ասում, բայց երբ հայտարարում է, թե տեսեք՝ ինչի է հանգեցնում եվրոպական միգրացիոն քաղաքականությունը, ըստ էության, փորձում է հիմնավորել, որ ինքը ճիշտ է՝ հանդես գալով միգրացիայի ոլորտում ավելի կոշտ մեխանիզմների և սահմանափակումների օգտին»,- ընդգծում է քաղաքական վերլուծաբանը։
Եվրոպայի փողոցներում ծավալվող իրադարձությունները քաղաքական տարբեր գնահատականների առիթ են դարձել։ Թրամփը դատապարտում է միգրացիոն քաղաքականությունը, Մակրոնը՝ խոսում շահարկումների մասին, իսկ փորձագետները մատնանշում են ավելի խոր համակարգային խնդիրները։ Բայց քաղաքական այս հակադրությունների ֆոնին պարզ չէ՝ կարո՞ղ է Եվրոպան կառավարել միգրացիոն ու սոցիալական լարվածությունը, թե՞ այսօր փողոցներում տեսածը վաղվա ավելի մեծ ճգնաժամի նախանշանն է։
Գառնի Մութաֆյան



