04 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարված իրավիճակ Վրաստանում, ի՞նչ է կատարվել. անցնող օրն՝ ամփոփ

Լարված իրավիճակ Վրաստանում, ի՞նչ է կատարվել. անցնող օրն՝ ամփոփ

Թալան, ծեծ, արցունքաբեր գազ, վիրավորներ ու ձերբակալվածներ։ Վրաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Թբիլիսիում ցուցարարները բարիկադներ կառուցելու համար սկսել են թալանել սրճարանների ունեցվածքը։ Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ցույցի մասնակիցներին։ Նրանք արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ։ Ակցիաների հետեւանքով կան մի քանի տասնյակ հոսպիտալացված քածաքացի։ Ու այս ամենը ԵՄ անդամակցության գործընթացի դադարեցման հետեւանքով։ Վրաստանի իշխանությունն է հայտարարել՝ ոչ թե կասեցրել է ԵՄ անդամակցության գործընթացը, այլ այն հանել է օրակարգից։

Ակցիաների ֆոնին Ֆրանսիան կոչ է արել Վրաստանի իշխանությանը՝ հարգել խաղաղ ցույցերի իրավունքը։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել է՝  եվրոպացի գործիչներն են մեղավոր՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի համար։

«Երեկվա դաժան հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը պատկանում է համապատասխան եվրոպացի քաղաքական գործիչներին և բյուրոկրատներին, տեղական գործակալներին, հինգերորդ շարասյանը, որը ներկայացված է չորս քաղաքական կուսակցությունների տեսքով», – ասել է Կոբախիձեն:

Միաժամանակ՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը  հայտարարել է իշխանությունը բռնի զավթելու փորձի մասին։ Ըստ գերատեսչության՝ այս մասին վկայում են օտարերկրյա գործակալների ազդեցության տակ գտնվող ընդդիմադիրների կազմակերպած ակցիաները։