
Վարդան Ղուկասյանի որդին բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել էՍպարտակ Ղուկասյանի կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ հայտնում է Քննչական կոմիտեն։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով, մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի և վարորդի գործողությունները հսկելու նպատակով ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը և ուղղորդել:
Բեռնատարի վարորդը, վախի ազդեցության տակ, բացասական հետևանքներից խուսափելու նպատակով, կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել:
Վերոգրյալ գործողությունների արդյունքում Ս.Ղ.-ն իրենն է դարձրել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթումը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,– ասված է հայտարարության մեջ։


