
Համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին հասել են ռեկորդային մակարդակի․ SIPRI
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն` hամաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին աճել են մինչև 2.887 տրիլիոն դոլար։
2025 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի կեսից ավելին բաժին է ընկել 3 երկրի՝ ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին։ Այս երկրները միասին ծախսել են 1.48 տրիլիոն դոլար, ինչը կազմում է համաշխարհային ընդհանուր գումարի 51 տոկոսը։
Ինստիտուտը նշել է, որ պաշտպանության վրա համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին աճել են՝ հասնելով 2.88 տրիլիոն դոլարի։ Մասնագետները նշել են, որ այս ցուցանիշն աճել է 11-րդ տարին անընդմեջ։ Ավելին՝ համաշխարհային ՀՆԱ-ում ռազմական ծախսերի բաժինը հասել է 2.5 տոկոսի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2009 թվականից ի վեր։
«2025 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի աճի մեծ մասը պայմանավորված էր Եվրոպայով։ Այնտեղ ծախսերն աճել են 14%-ով՝ հասնելով 864 միլիարդ դոլարի։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը 2022 թվականի սկզբին փոխել է այն, թե ինչպես են եվրոպական երկրներն ընկալում իրենց սեփական անվտանգությունը։ Եվրոպական շատ կառավարություններ վախենում են, որ Ռուսաստանը կարող է ավելի լայն սպառնալիք ներկայացնել Ուկրաինայից դուրս։ Ի պատասխան՝ եվրոպական պետությունները, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամները, ավելացնում են ռազմական ծախսերը՝ իրենց զինված ուժերը հզորացնելու և հետագա ագրեսիան կանխելու համար»,- նշվում է զեկույցում։


