
Եվրոպական խորհրդարանը ցանկանում է «պաշտպանել» Հայաստանում կայանալիք ընտրությունները ռուսական ազդեցությունից․ Deutsche Welle
Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրոպական խորհրդարանն իր բանաձևում հիշեցրել է Երևանին բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու, ընդդիմության իրավունքները երաշխավորելու և խոսքի ազատությունն ապահովելու կարևորության մասին: Այն նաև կոչ է արել պայքարել ապատեղեկատվության դեմ, կանխել ընտրակաշառքը և ամրապնդել ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությունը․ գրում է Deutsche Welle-ն։
Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացրել են հիբրիդային սպառնալիքների մասին, «մասնավորապես՝ Ռուսաստանից եկող», որոնք, նրանց կարծիքով, փորձում են ազդել Հայաստանի ընտրությունների վրա: Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ «միջազգային և ազգային խոշորածավալ առաքելությունները» պետք է վերահսկեն ժողովրդավարական նորմերը Հայաստանում ընտրությունների ժամանակ և կոչ են անում Հայաստանի իշխանություններին «լիովին համագործակցել նրանց հետ»։
Ըստ ընդունված բանձևի՝ հայերի կամքի ազատ արտահայտման հիմնական սպառնալիքներից մեկը Ռուսաստանի կողմից արտաքին տեղեկատվական միջամտությունն ու մանիպուլյացիան է, որն այդ նպատակով օգտագործում է կիբեռհարձակումներ, անօրինական քաղաքական ֆինանսավորում և օլիգարխիկ ցանցեր։ Այս սպառնալիքները «կառուցվածքային և երկարաժամկետ բնույթ ունեն» և պահանջում են շարունակական ջանքեր՝ «ուժեղացնելու Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությունն» ընտրություններից հետո։
Փաստաթղթում նշվում է, որ «հատուկ մարտահրավեր», որին, հավանաբար, կբախվեն Հայաստանի իշխանությունները, «նշանակալի ռուսական համայնքի առկայությունն է Հայաստանում, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք»։ Քանի որ Բրյուսելի և Երևանի հարաբերությունները մտել են «նոր փուլ, որը բնութագրվում է քաղաքական ներգրավվածության ավելի բարձր մակարդակով և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ», Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ ժողովրդավարական կառավարման, օրենքի գերակայության և դատական բարեփոխումների ոլորտներում։
Առանձին պարբերությամբ Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, այդ թվում՝ նրանց անվտանգ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքներով։ Նրանք նաև պահանջել են անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին։
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի՝ իր ինքնիշխան ընտրությունն իրականացնելու իրավունքին։
Պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հայտարարել է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, որքան վերջին երկու տարիների ընթացքում։ Սա հաստատվում է, մասնավորապես, ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմամբ, որոնք տեղի կունենան հաջորդ շաբաթ Երևանում։
«Եվրամիությունն աջակցում է Հայաստանի կարողությանն իրականացնել իր ինքնիշխան ընտրությունը ազատ և արդար ընտրությունների միջոցով: Մենք աջակցում ենք ժողովրդավարական ինստիտուտներին, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին Հայաստանում՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի քաղաքացիները կարողանան ազատորեն արտահայտվել և քվեարկել իրենց ապագայի համար՝ առանց միջամտության կամ խափանումների», – հայտարարել է եվրահանձնակատարը:
Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող և Եվրոպական ժողովրդական կուսակցության սլովակյան խմբակցության անդամ Միրիամ Լեքսմանը նույնպես կարծում է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները հասել են շրջադարձային կետի, քանի որ վերջին տարիներին Երևանը «հստակ ուրվագծել է իր ուղին (…) դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցություն»:

