
Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը լրտեսել է Բաքվի օգտին․ Der Spiegel
Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, որը նախօրեին ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության փորձի կասկածանքով, կապի մեջ է եղել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ․ հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Հաննինգը (պաշտոնավարել է 1998-2005 թվականներին) տեղեկագիր է պատրաստել Ադրբեջանի հետախուզության համար։
Ադրբեջանի լրատվամիջոցների և հեռարձակման խորհուրդը հերքել է մեղադրանքը՝ նշելով․ «Սա ապատեղեկատվություն է և համարվում է վերջերս ինտենսիվորեն իրականացվող Ադրբեջանին զրպարտելու արշավի մաս»։
Ըստ Գերմանիայի դաշնային դատախազության՝ Արտաքին հետախուզության գործակալությունում (BND) բարձր պաշտոններ զբաղեցրած տեղեկատուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-ականներից 2022 թվականն ընկած ժամանակահատվածում Հաննինգին է փոխանցել շուրջ 2000 փաստաթուղթ (որոնցից շատերը՝ գաղտնի)։
Դատախազների պնդմամբ՝ Հաննինգն այդ տեղեկատվությունն օգտագործել է սեփական շահույթն ապահովելու նպատակով։ Նա մտադիր է եղել այդ տեղեկությունները «վերավաճառել իր խորհրդատվական գործունեության շրջանակում»։ Մասնավորապես՝ առնվազն մեկ դեպքում, ըստ դատախազության, Հաննինգը գաղտնի տեղեկատվությունն օգտագործել է օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի համար վերլուծական զեկույց կազմելու նպատակով։
Գերմանիայում պետական դավաճանությունը կարող է պատժվել առավելագույնը ցմահ ազատազրկմամբ։


