
Մոլդովայի գազային սցենարը կարող է նախադեպ դառնալ Հայաստանի համար․ Վահե Դավթյան
Ռուսական գազից հրաժարվելու շուրջ վերջին հայտարարությունները փորձագիտական շրջանակում արդեն համեմատվում են Մոլդովայի անցած ճանապարհի հետ։ Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի խոսքով՝ Մոլդովայում ռուսական գազից հրաժարումը հանգեցրեց ոչ այնքան իրական էներգետիկ դիվերսիֆիկացիայի, որքան նոր կախվածության ձևափոխման։
«Մոլդովան ռուսական գազի փոխարեն սկսեց բնական գազ ներկրել հիմնականում Ռումինիայից՝ եվրոպական շուկայական գներով։ Եթե նախկինում ռուսական գազը մատակարարվում էր արտոնյալ պայմաններով, ապա այժմ Մոլդովան ստիպված է գործել եվրոպական գնագոյացման պայմաններում»,- նշել է նա։
Դավթյանի խոսքով՝ եվրոպական շուկաներում վերջին ամիսներին գազի գինը տատանվել է 600-700 դոլարի սահմաններում, մինչդեռ Ռուսաստանից Մոլդովան նախկինում գազ էր ստանում անհամեմատ ավելի ցածր գնով։ Նրա գնահատմամբ՝ հենց այդ տարբերությունն է պատճառ դարձել սոցիալ-տնտեսական բարդությունների խորացման համար։
Փորձագետը նշում է, որ եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները Մոլդովային տրամադրել են զգալի ֆինանսական աջակցություն, որի շնորհիվ իշխանությանը հաջողվել է ժամանակավորապես մեղմել սոցիալական ազդեցությունը՝ սուբսիդավորելով կոմունալ վճարները, գնաճը և էներգակիրների թանկացումը։
«Սուբսիդիաները ստեղծել են անվտանգության բարձիկ, որի պատճառով շարքային մոլդովացին դեռ ամբողջությամբ չի զգացել անցման սոցիալական գինը»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Դավթյանը կարևոր է համարում այն փաստը, որ միջազգային ֆինանսական կառույցները սկսել են ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել Մոլդովայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին որոշումները ցույց են տալիս, որ միայն քաղաքական հայտարարությունները բավարար չեն, եթե դրանք չեն ուղեկցվում իրական ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումներով։
Փորձագետը նաև անդրադարձել է Հայաստանի հնարավոր այլընտրանքային ուղղություններին՝ նշելով, որ եվրոպական գազ ստանալու լոգիստիկ հնարավորություն Հայաստանը փաստացի չունի։
«Միակ տեսական այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանից եկող գազը, սակայն նույնիսկ այդ դեպքում խոսքը կարող է գնալ միայն տարանցիկ սահմանափակ ծավալների մասին, որոնք չեն կարող ամբողջությամբ բավարարել Հայաստանի տարեկան պահանջարկը»,- նշել է Դավթյանը։
Նա անդրադարձել է նաև Իրան-Հայաստան գազամուղին՝ ընդգծելով, որ թեև տեխնիկապես այդ ուղղությունը կարող է դիվերսիֆիկացիոն հնարավորություն ապահովել, սակայն ենթակառուցվածքը պատկանում է «Գազպրոմ Արմենիա»-ին, ինչը, ըստ փորձագետի, թույլ չի տալիս ամբողջությամբ շրջանցել ռուսական գործոնը։
Դավթյանի գնահատմամբ՝ եթե խզվեն 2013 թվականին ստորագրված ռուսական գազի արտոնյալ պայմանագրերը, Հայաստանը կարող է անցնել շուկայական գնագոյացման համակարգի, ինչը կհանգեցնի գազի սակագնի էական աճի։
«Եթե այսօր Հայաստանը սահմանին ռուսական գազը ստանում է մոտ 165 դոլարով, ապա շուկայական գնագոյացման պարագայում վերջնական սակագինը կարող է գերազանցել 800 դոլարը՝ հաշվի առնելով հարկերը, ենթակառուցվածքային ծախսերն ու եվրոպական շուկայի գները»,- նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ նույնիսկ սուբսիդավորման մեխանիզմների կիրառման պարագայում դժվար կլինի խուսափել ներքին սակագների էական բարձրացումից։
«Կարճաժամկետ քաղաքական էֆեկտ հնարավոր է ապահովել, բայց ռազմավարական հեռանկարում դա կարող է ստեղծել լրացուցիչ տնտեսական անվտանգության ռիսկեր Հայաստանի համար»,- եզրափակել է փորձագետը։


