
Ի՞նչ հիմքով է աշխատանքից ազատվել Փաշինյանի հետ վիճած բժշկուհին. դուստրը ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Սեպտեմբերի 14-ից Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհին` Արփինե Սողոյանը, կազատվի աշխատանքից։ Քաղաքապետարանն է նման որոշում կայացրել։ Հիմքը հաստիքի կրճատումն է։ Պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Բժշկուհու դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը, ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ այդ բաժանմունքում 4-5 հազար կին է հաշվառված։
«Բաժանմունքն ունի հազարավոր հաշվառված բուժառուներ, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Ծանուցումն այսօր ենք ստացել, մայրիկս դեռ աշխատում է, հրամանը սեպտեմբերի 14-ից է ուժի մեջ մտնելու», -ասել է Սողոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Երևանի փողոցներից մեկում թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհին իր անհամաձայնությունն էր հայտնել գործող իշխանության քաղաքականության դեմ, որից հետո բանավեճ էր սկսվել իր և Նիկոլ Փաշինյանի միջև։ Փաշինյանը սկսել էր քաշքշել կնոջն ու բղավել նրա վրա։ Միջադեպից հետո լուրեր տարածվեցին, որ Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ցանկանում են աշխատանքից ազատել։ ABC Media-ն շտապել էր պոլիկլինիկա, զրուցել էինք ղեկավարի հետ, ով մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը բժշկուհուն աշխատանքից ազատելու հրաման չունի, սակայն պարտավոր է խիստ նկատողություն տալ՝ աշխատանքից ուշանալու հիմքով։


