26 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
-2.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարզապես հեռացեք, ձեզ հետ պատերազմի գնալը ցեղասպանություն է. Աբրահամ Գասպարյան

Պարզապես հեռացեք, ձեզ հետ պատերազմի գնալը ցեղասպանություն է. Աբրահամ Գասպարյան

Տարածք հանձնենք, թե ոչ, մեկ է, Ադրբեջանը հարձակվելու է. ավելի լավ է`հանձնենք ու պատերազմ լինի, քան չհանձնենք ու պատերազմ լինի: Եթե հարցը 50/50 եք դնում, մի՛ հանձնվեք, հեռացե՛ք։ Գուցե իսկապե՞ս Ադրբեջանը հարձակվի, ու մենք դիմադրենք. Փաշինյանի՝  անգամ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո երաշխիքների բացակայության մասին հայտարարությանն ի պատասխան ասել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը՝ «Փոխի՛ր Ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հեղիանակային հաղորդման շրջանակներում։

«Դիմադրենք առանց քեզ ու քո ոհմակի, որովհետև ձեզ հետ պատերազմ գնալն իրապես ցեղասպանություն է: Պարզ հաշվարկ. եկեք հասկանանք միասին, եթե Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ չի ճանաչում 1991 թ. քարտեզները, եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է պահանջում Տավուշի 4 գյուղերը։ Իսկ եթե ճանաչում է, ապա ինչու՞ 1991 թվականի քարտեզներով Ադրբեջանը ներխուժել է Սյունիքի մարզի տարածք և բարձունքներ գրավել։ Այսինքն՝ Ադրբեջանը մտնում, գրավում է ինչ ուզում է՝ առանց սպասելու միջազգային թույլտվության կամ հարցնելու աշխարհի»,- ասել է Գասպարյանը։

Նա հիշեցրել է Տավուշի այդ հատվածներում հայկական պաշտպանական հզոր դիրքերն ու նշել, որ Բաքուն էլ շատ լավ գիտի այդ դիրքերը հաղթահարելու դժվարության, պաշտպանական գիծը չեզոքացնելու կորստաբեր լինելու մասին, դրա համար էլ նախընտրում է խաղաղ հանձնումը։

«Դու չես կարողանալու ո՛չ Եվրոպայից, ո՛չ Ռուսաստանից երաշխիք բերել, որ, դիցուք, Տավուշի գյուղերը հանձնելուց հետո ադրբեջանական բանակը դուրս կգա Սյունիքի գրավյալ դիրքերից»:

Գասպարյանը խոսել է նաև Փաշինյանի՝ պատմական ու իրական Հայաստանի միջև առաջացրած արհեստական հակասության մասին։

«Պատմական Հայաստանի ժամանակ Ադրբեջան գոյություն չուներ, ոչ էլ Թուրքիա. սա, կարծում եմ, 5 տարեկան երեխան էլ գիտի, բայց դու մի՛ փորձիր մեզ 4 տարեկանի տեղ դնել: Այդ քո ասած պատմական Հայաստանի փոխարեն, Ադրբեջանն է իր հորինած պատմական քարտեզն իրականություն է դարձնում, և հենց քո՛ չարաբաստիկ կառավարման տարիներին՝ կամաց-կամաց, սողացող պատերազմով ու վախի մթնոլորտում»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։