Մեր աղոթքն ու զորակցությունն ենք հայտնում Լոռու մարզի բնակիչներին, որոնք այսօր աղետի մեջ են․ Բագրատ սրբազան
Չափազանց դժվար է տեսնել, թե ինչպես է բնական աղետից ավերվում մեր երկրի ամենաչքնաղ հատվածը, որը բազմաթիվ մտահոգություններ է պատճառում բոլորիս։ Ուղիղ եթերով դիմելով բնակիչներին՝ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու և Տավուշի մարզի մեր բնակիչներին, որոնք այսօր աղետի մեջ են։ Մենք գիշերը կապ էինք հաստատել համայնքապետների, հոգևորականների հետ, պատրաստակամություն հայտնել թե անձնապես և թե խմբերով այցելելու և հասկանալու իրենց խնդիրները՝ այդ կերպ մասնակից լինելով նրանց խնդիրներին՝ հոգևոր ու նյութական ձևերով»,- ասել է Բագրատ սրբազանը։
Սրբազանը անդրադարձել է նաև այսօր նախատեսված համազգային հանրահավաքին։ Այն չի հետաձգվելու՝ ասել է արքեպիսկոպոսը։ Դիմելով Տավուշի և Լոռու մարզի բնակիչներին՝ սրբազանը հորդորել է հոգ տանել իրենց ընտանիքների մասին ու չմասնակցել այսօրվա հանրահավաքին։