23 Հոտ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշում կրկնվում է Արցախի սցենարը․ պատգամավոր

Տավուշում կրկնվում է Արցախի սցենարը․ պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր եղել է Տավուշի մարզում։ ABCmedia-ն զրուցել է պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչ է այս պահին կատարվում այնտեղ։

«Տավուշում նույն իրավիճակն է, ինչ Ջերմուկում։ Այս օրերի ընթացքում ադրբեջանցիները սադրանքներ են  իրականացնում։ Կիրանցում նոր կառուցվող ճանապարհի հատվածում ադրբեջանցի սահմանապահները եկել են, սադրել։ Սրա մասին մի քանի օր առաջ եմ խոսել։ Սա ցույց է տալիս, որ այստեղ ևս ադրբեջանցիները հայերի հետ հանգիստ չեն պատրաստվում ապրել։ Գիտեք՝ օրեր առաջ մարդկանց արտերն են հնձել»,-ասել է պատգամավորը։

Դանիելյանը նշել է, որ առաջիկայում թշնամին պատրաստվում է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

«Մի քանի օրից Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի սահմանին են տեղակայվելու և ընդհուպ մոտենալու են գյուղի կենտրոնական հատվածին։ Այստեղ անվտանգային համակարգը այս իշխանությունների ձեռամբ կազմաքանդված է և հանձնված թշնամուն։ Թշնամին ակտիվ պատրաստությունների մեջ է Տավուշում, կարծում եմ՝ շատ արագ աշխատանքներ կատարելով փորձում է հետագայում ռազմական գործողությունների համար պայմաններ ստեղծել»,-ասել է Դանիելյանը։

ԱԺ պատգամավորը վերլուծում է թշնամական պետության պաշտպանական գերատեսչությունից եկած հայտարարությունները։ Նկատում է՝ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն հաճախ է հայտարարում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը կամ իրենց տարածքում անօդաչու սարք է հայտնվել։ Հետո էլ հանդես է գալիս սպառնալիք պարունակող հայտարարությամբ։ Դանիելյանը մտածում է, որ թշնամին պատերազմի համար հող է նախապատրաստում։

«Ադրբեջանը որդեգրել է շատ հստակ քաղաքականությունը։ Տարիներով նրանք դա արել են, Արցախում էլ է նույն սցենարը եղել։ Տավուշի և Արցախի նմանությունները շատ են։ Այն, ինչ ադրբեջանցիներն արեցին Արցախում՝ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր, կոմունիկացիաները գործադրելը, հիմա ցավով ասում եմ, որ Տավուշում էլ է գործադրում ու շատ հաջողված։ Նույն սցենարն է ընթանում։ Կհիշեք՝ ցուցակներ էին հրապարակում, ասում էին, որ ցուցակում ներառված անձիք մասնակցել են 1990-ական թվականների պատերազմին, և Ադրբեջանի կողմից ճանաչվել են որպես հանցագործ։ Նրանց դատախազությունն էլ նյութեր է նախապատրաստել այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար։ Թշնամին, տարբեր պատրվակներ առաջ բերելով, արդարացնելու է իր հարձակումը Հայաստանի վրա։ Ադրբեջանի հետ դու չես կարող գալ համաձայնության»,-ասել է Դանիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը կամ այսքան տարիների ընթացքում չի հասկացել, որ թշնամու հետ չի կարող համաձայնության գալ, կամ դիտավորյալ է նման քաղաքականություն վարում։

«Սա կամ տիեզերական հիմարություն է, կամ դիտավորյալ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ։ Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել։ Ինչպե՞ս կարելի է անընդհատ նույն սխալները գործել։ Տավուշի առաջնագիծը հանձնվեց միայն ու միայն այս իշխանությունների վարած ապիկար քաղաքականության պատճառով։ Ինչ-որ կարգ պետք է սահմանեին սահմանազատման և սահմանագծման մասով, ու՞ր է այդ կարգը, ու՞ր է սահմանազատումն ու սահմանագծումը։ Ո՞ւր են ադրբեջանական վերահսկողության տակ գտնված հայկական բնակավայրերը, որոնք պիտի վերադարձնեին հայկական կողմից։ Չկա, չեն վերադարձրել, չեն էլ պատրաստվում։ Այդ մասին ասում են անգամ Շահեն Մուստաֆաևի գրասենյակից։ Տեսնում ենք, որ որևէ կապ չունի այս գործընթացը սահմանազատման և սահմաբ նագծման հետ»,-եզրափակել է Գառնիկ Դանիելյանը։