26 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գողթանիկում անձրևներից ահռելի վնասներ են գրանցվել, հարյուրավոր անասուններ են սատկել

Գողթանիկում անձրևներից ահռելի վնասներ են գրանցվել, հարյուրավոր անասուններ են սատկել

Առատ տեղումներն այս տարի Հայաստանի համար պատուհաս են դարձել։ Հերթական հարվածը Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղին է բաժին հասել, օրեր առաջ տեղացած առատ անձրևներից ոչ միայն գյուղի ճանապարհն է քանդվել, այլև ջուրը գյուղացիներից շատերի անասուններին է քշել-տարել: ABCmedia-ն զրուցել է գյուղի բնակիչների հետ՝ պարզելու, որքան վնաս են կրել նրանք։

«Հուլիսի 28-ից 29 առավոտից սկսեցին անձրևները։ Մինչև ինձ զանգել են, ես գնացել եմ ֆերմա արդեն ուշ էր։ 66 անասուն արդեն սատկել էին, 27-ն էլ ոնց որ կորել են»,-պատմել է Գողթանիկի բնակիչ Նարեկ Պողոսյանը։

Ամեն անասնապահ միջինում քանի տասնյակ անասուն է կորցրել, ասում են գյուղացիները։ Նարեկ Պողոսյանի հաշվարկով՝ իր վնասը մոտ 2 մլն դրամ է կազմում:

Նույն գյուղի բնակիչ Արմեն Հարությունյանն էլ շուրջ 4,5 մլն դրամի վնաս ունի։ Նրան պատկանող 6 տասնյակից ավելի անասուն է սատկել, մոտավորապես 30-ն էլ՝ կորել։

«Համայնքապետարանից և ՆԳՆ փրկարար ծառայությունից եկել են, այդ պահին արագ-արագ հաշվել ենք, բայց հետո տեսել եմ, որ ավելի մեծ են կորուստներս։ Ասել են՝ եկող շաբաթ կստանանք փոխհատուցումը, սպասում ենք»,-ասել է Արմեն Հարությունյանը։

Գյուղի փլված ճանապարհի վերանորոգումը մի քանի օր է տևել, դեռ աշխատանքը չավարտած՝ նոր տեղումներից դարձյալ քանդվել է, այժմ անցանելի է միայն կենդանիների և բարձր մեքենաների համար։