
ՊԵԿ-ը 13 հազար 500 կգ հավի միսը ոչնչացրել է՝ թաղել, ընկերությունը հողի տակից հանել է ոչնչացված միսը և կրկին տեղափոխել ընկերության տարածք (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:
Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։
Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։
Կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։