
Սկանդալային գրառում՝ քահանայից և պարզաբանումներ՝ Մայր Աթոռից․ ինչո՞ւ են պատժել Հովհաննավանքի քահանային
«Կուսակրոն քահանաներն ամուսնացյալներին վախեցնում են, սպառնում, ատամները փշրում»․ սկանդալային այս գրառումից համարյա երկու շաբաթ է անցել, բայց գրառման հեղինակը՝ Հովհաննավանքի քահանա Տեր Արամը դեռ չի հստակեցրել՝ ովքեր են սպառնացողներն ու ատամ փշրողները։ Սկանդալային այս գրառմանը հաջորդել է մեկ այլ գրառում՝ նույնաբովանդակ։ Հովհաննավանքի հոգևոր հովիվը խոսել է եկեղեցու ներքին կյանքի մասին` նշելով, թե արատավոր բարքերը թաքցնելու համար իրենց ստիպում են լռել։
Մայր Աթոռում զարմացած են քահանայի գրառումներից։ Ասում են՝ այս խնդիրները, եթե առկա էին, ապա ինչու անձամբ ոչ մի տեղ և ոչ մի դրվագում դրանց մասին չի խոսել ու բարձրաձայնել։
Արագածոտնի թեմն է անդրադարձել քահանայի գրառմանը։ Ըստ տարածած հաղորդագրության՝ ամեն բան սկսվեց, երբ քահանան մկրտության կարգն էր խախտել։ Իսկ վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա դարձած տեղեկությունները, թե որոշում է կայացվել կարգալույծ անել քահանային՝ հերքվել են։
«Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով Թեմակալ Առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից Տ. Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։ Նրան հանձնարարվել է տասն օր ներկա գտնվել առավոտյան և երեկոյան ժամերգություններին՝ Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում, և ձեռնպահ մնալ խորհրդակատարություններ մատուցելուց»,-ասված է Արագածոտնի Թեմի հայտարարության մեջ։
Ընդ որում՝ Տեր հայրն ընդունել ու կատարել է Կաթողիկոսի առաջադրանքները և այս պահին շարունակում է ծառայությունը Հովհաննավանքում։
Այս դեպքին է հաջորդել Տեր Արամի գրառումը, որն արժանացել է նաև Նիկոլ Փաշինյանի աջակցությանը։ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարել է, թե իր աջակցությունն է առաջարկում Տեր Արամ քահանային։
Այդուամենայնիվ, կարգապահական հանձնախումբը քահանայի հարցը չի քննարկել, բայց Մայր Աթոռում վստահ են, որ սա Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Տեր Արամ քահանա Ասատրյանը միակ գործող քահանան է, ով միացել է Կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարին, ըստ հոգևորականների՝ Փաշինյանի աջակիցների դրդմամբ։ Թե ինչ են խոստացել քահանային, չեն կարող ասել, բայց պնդում են՝ չի վայելելու։
Ավելի վաղ Հովհաննավանք էր այցելել Աննա Հակոբյանը՝ 42 կանանց հետ։ Տեր Արամի խոսքով՝ կանայք եկել ու իրեն խնդրել են պատմել Հովհաննավանքի պատմությունը, ինքն էլ չի մերժել։
«Եթե անգամ Ալիևը գար ու ասեր՝ պատմիր եկեղեցու պատմություն, ես դա կանեի, որ ինքն էլ իմանար, թե որքան վաղուց է այստեղ՝ Հայաստանում եղել Հովհաննավանքը»,-ասել է քահանան։