
Ի՞նչ է լինելու «Օլիմպավանում» փաթեթներ վերցրած հաճախորդների հետ
Ավելի քան 20 օր է, ինչ «Օլիմպավան» մարզահամալիրի դռները փակ են։ Աշխատողները և մարզիչները մնացել են առանց աշխատանքի, իսկ հարյուրավոր մարզիկներ ու հաճախորդներ՝ առանց մարզվելու հնարավորության։
Մարզիչների խոսքով՝ մարզահամալիրի փակումը լուրջ հետևանքներ է ունեցել հատկապես երեխաների համար, որոնք զրկվել են պլանավորված մարզումներից և մրցումներից։
MMA մարզաձևի հրահանգիչ Էրիկ Օհանյանն ABC Media-ին հայտնեց, որ հուլիսի 26-ին նախատեսված մրցաշարին «Օլիմպավանը» պետք է մասնակցեր շուրջ 90 սանով, սակայն փակվելուց հետո մասնակցել է ընդամենը 20-ը։
«Տարվա պլանի մեջ կար հուլիսի 26-ի մրցաշարը։ Ծնողները չեն կարողանում երեխաներին տեղափոխել այլ մարզադահլիճներ։ Սաները նորմալ պայմաններում չեն մարզվել. մի օր հավաքականի հետ են պարապել, մի օր՝ բակում, մի օր՝ տնային առաջադրանք ենք ուղարկել, որ վարժությունները կատարեն ու տեսանյութ ուղարկեն։ Փորձում ենք երեխաներին չասել, որ պատճառն «Օլիմպավանն» է, բայց մրցումների եկած 20 երեխաներն էլ պարտվեցին»,- պատմեց հրահանգիչը։
Լողի մարզիչ Կարինե Թանգամյանն էլ ասաց, որ հարյուրավոր երեխաներ գրեթե մեկ ամիս է՝ զրկված են լողի մարզումներից։
«Ցավ եմ ապրում, որ երեխաները չեն կարողանում մարզվել։ Ծնողները վճարել են, աբոնեմենտներ են ձեռք բերել, բայց չեն կարողանում օգտվել իրենց վճարած ծառայությունից։ Ցավալի է նաև ինձ համար, որովհետև ես մնացել եմ անգործ, և չգիտեմ՝ այս իրավիճակը որքան կշարունակվի»,- նշեց լողի մարզիչը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ աշխատակիցներ սոցիալական խնդիրների առաջ են կանգնել․ «Օլիմպավանցիները վարկեր ունեն, ընտանիքներ ունեն, բայց այս պահին աշխատանք չունեն, և չգիտեն՝ ինչպես են լուծելու սոցիալական խնդիրները»։
Թանգամյանի խոսքով՝ երեխաները չեն կարող նույնիսկ այլ մարզահամալիր տեղափոխվել, քանի որ ծնողներն արդեն վճարել են «Օլիմպավանի» ծառայությունների համար։
Սոցիալական ցանցերում ևս բազմաթիվ հաճախորդներ են փորձում տեղեկանալ, թե երբ կվերաբացվի մարզահամալիրը, և ինչ ճակատագիր կունենան իրենց վճարած աբոնեմենտները։
«Օլիմպավանի» գլխավոր տնօրենը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ աշխատանքների վերսկսման դեպքում կփորձեն լուծել հաճախորդների խնդիրները։
«Երբ մեզ թույլ տան վերսկսել աշխատանքը, անպայման կլսենք մեր հաճախորդներին, կսառեցնենք փաթեթները և կփորձենք վերականգնել այն օրերը, որոնց ընթացքում մարդիկ չէին կարողացել մարզվել»,- ասաց «Օլիմպավանի» գլխավոր տնօրեն Իշխան Սեդրակյանը։
Թե երբ կբացվեն մարզահամալիրի կապարակնքված դռները, տնօրենը չի կարող ասել։
ABC Media-ն փորձեց պարզաբանում ստանալ նաև Քննչական կոմիտեից՝ հասկանալու, թե երբ են ավարտվելու իրականացվող քննչական գործողությունները, սակայն մեկնաբանություն չհաջողվեց ստանալ։
Մարզիկներն ու մարզիչները ստեղծված վիճակը համեմատում են դպրոց փակելու հետ։
«Պատկերացրեք՝ սեպտեմբերի 1-ից փակեն որևէ դպրոց և աշակերտներին թույլ չտան հաճախել։ Չեմ կարծում՝ աշխարհում կա պետություն, որտեղ դպրոցը կարող են օրերով փակ պահել։ Սա նույնպես ուսուցում է, մարմնի ուսուցում։ Ես ուզում եմ իմանալ պատճառը, որպեսզի կարողանամ բացատրել ծնողին ու երեխային, թե ինչու է մարզահամալիրը փակ»,- ասաց Էրիկ Օհանյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «Օլիմպավանում» իրականացվում են քրեական վարույթի շրջանակում նախատեսված քննչական գործողություններ։ Այլ մանրամասներ կառույցը չի հայտնել։
Մարզահամալիրը փակվել է հուլիսի 6-ին։ Այդ օրը վաղ առավոտյան մարզիկներին դուրս են բերել շենքից, իրականացվել են խուզարկություններ։ Նույն օրը խուզարկություններ էին կատարվում նաև գործարար Գագիկ Ծառուկյանի տանը և տասնյակ այլ հասցեներում։


