15 Սեպ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խնձորը ձեռքին՝ կրակի տակ․ Ալբերտ Հովհաննիսյանն այսօր կդառնար 25 տարեկան

Խնձորը ձեռքին՝ կրակի տակ․ Ալբերտ Հովհաննիսյանն այսօր կդառնար 25 տարեկան

«Պատրա՛ստ։ Ուշադի՛ր։ Համազարկով կրա՛կ»․2020 թվականի 44-օրյա պատերազմի գրեթե բոլոր օրերին լսում էինք այս հրամանները։

Այս հրամանների հետ պատերազմի օրերին շատերին ոգևորել ու հույս էր ներշնչել նաև հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը։ Նա ամբողջ էությամբ միաձուլվել էր հրետանուն, կարծես կտրվել իրեն լուսանկարող անձնակազմից ու իրականությունից։ Կրակելուց հետո, արկերի պայթյուններից սևացած մատներով, նա հանգիստ խնձոր էր ուտում։

Լուսանկարն այդպես դարձավ պատերազմի ու հայ զինվորի խորհրդանիշներից մեկը։

Այսօր 44-օրյա պատերազմում անմահացած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 25 տարեկան։

Ալբերտը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին, Երևանում։ Մանկուց զբաղվել է կարատեով, արժանացել սև և կարմիր գոտիների։ Սովորել է «Քվանտ» վարժարանում, Հերացու անվան ավագ դպրոցում, ապա ընդունվել Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

Բայց ընտանիքի հիշողություններում Ալբերտը նախևառաջ այն տղան է, որի մանկությունն անցել է խաղալիք զենքերով, կարատեի մրցումներով, եկեղեցու բակում ու ընտանիքի կողքին։

Հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում հիշում է՝ դեռ փոքր տարիքում Ալբերտը քրոջ տղայի հետ «պատերազմ» էր խաղում։

«Տատի՛, մենք այստեղ դիրքավորվել ենք, կռիվ-կռիվ ենք խաղում»,- այսպես էր Ալբերտը պատասխանում տատիկին, երբ նա երեխաներին ասում էր՝ տուն գան։

Ալբերտը մի քանի տարի ամառային արձակուրդներին գնացել է նաև Հաղարծին։ Որոշ ժամանակ ապրել է այնտեղ և օգնել եկեղեցու գործերին։

Դպրոցում էլ, հոր խոսքով, առաջնորդի բնավորություն ուներ։

Մինչև 6-7-րդ դասարան գերազանցիկ էր սովորում։ Բայց հետո, ինչպես պատմում է հայրը, գնահատականներն այլևս առաջնային չէին։ Ալբերտը սովորում էր ոչ թե բարձր գնահատականի, այլ գիտելիքի համար։

Կարատեն էլ նրա կյանքի կարևոր մասն էր։ Մի անգամ մրցումներում առաջին տեղն էր գրավել։ Տուն էր վերադարձել մեդալը ձեռքին ու մեծ ոգևորությամբ հորն ասել.

«Տեսա՞ր, որ ես էլ կարող եմ առաջին տեղ բռնել»։

2020 թվականի հունվարի 13-ին Ալբերտը զորակոչվել է բանակ։ Հինգ ամիս անց մեկնել է Արցախ, ծառայել Մեխակավանում և դարձել հրանոթի հրամանատար։

Հայրը երկու անգամ այցելել է նրան Արցախում։ Երկրորդ հանդիպումը եղել է հենց Ալբերտի ծննդյան օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։

Այդ հանդիպման ժամանակ, երբ միասին կանգնած են եղել բլրի մոտ, հայրը որդուն մի բան է խնդրել. «Երբ նահանջի հրաման կտան, պարտադիր կլսես հրամանը»։

Հայրը գիտեր՝ որդին համառ է և կարող է չկատարել այդ հրամանը։

Ալբերտի համար պատերազմն արդեն իրականություն էր։ Իսկ սեպտեմբերի 29-ին այդ համառությունը դարձավ նաև նրա վերջին մարտը։

Հայրը պատմում է, որ ռմբակոծության ժամանակ թաքստոց մտնելու հրաման էր տրվել։ Ալբերտը, սակայն, չի ենթարկվել։ Նա հասկացել էր, որ իր հրետանային կրակից շատ բան է կախված։

«Եթե չկրակեր, պիտի բոլորը զոհվեին, կրակելու դեպքում ինքը պիտի զոհվեր։ Նախընտրել է իր կյանքը չխնայել»,- պատմում է հայրը։

Մոտ տասը օր ընտանիքը փնտրել է Ալբերտին։ Հետո գտել են, բայց արդեն՝ անշարժ մարմինը։

Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և հուղարկավորվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Սվետլանա Պետրոսյան

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ