
Ռուսական ռազմաբազան պահելը, այո՛, թանկ է նստում, եթե ՀՀ-ից հանելու ցանկություն կունենան, կքննարկենք հարցը․ Վահագն Ալեքսանյան
Որքանով ես եմ տեղյակ, Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունը, խորհրդարանը ռուսական ռազմաբազան հանելու վերաբերյալ դիմում Ռուսաստանի Դաշնությունից չեն ստացել․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Եթե Ռուսաստանի Դաշնությունը հանելու ցանկություն կունենա, մենք կքննարկենք այդ հարցը, եթե հանելու ցանկություն չունենա, մնալու ցանկություն ունենա, մենք դա էլ կքննարկենք։ Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել»,- ասաց Ալեքսանյանը՝ համաձայնելով լրագրողի ասածին, որ բավականին թանկ է նստում այդ ռազմաբազան պահելը։
Նա նաև նշեց, որ ռազմաբազայի առկայությունը «եղած-չեղած մի հաշիվ է»․ «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա տեղի է ունեցել ռազմական ագրեսիա, և ռազմաբազայի ակտիվ միջամտությունն առնվազն չեմ հիշում այդ դեպքերին, ու կամ առհասարակ չեմ հիշում, որ ռազմաբազան կանգնեցրած լինի այդ ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ․․․ Արդեն իսկ կա փորձված նախադեպ, որ ագրեսիայի ժամանակ ռազմաբազան եղած-չեղած, մեծ հաշվով, այդպես առանձնապես տարբերությունը չենք զգացել՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, ինձ թվում է՝ դուք էլ ինձ հետ միասին»։


