Գագիկ Խաչատրյանին վիրահատելու թույլտվության համար պաշտպանը դիմում է ներկայացրել Եվրոպական դատարան
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմում է ներկայացրել Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու համար․ կյանքի խնդիր է առկա։
«Այս վարվելակերպը կարող է կյանքի առումով անդառնալի հետևանքների հանգեցնի։ Պետությունը պարտավոր է միջոցներ կիրառել անձի կյանքի պահպանման համար»,-նախքան դատական նիստի մեկնարկը՝ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Նրան նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի կարողանա նիստին գոնե մասնակցություն ունենալ։ Խաչատրյանի վիրահատությունը պետք է Գերմանիայում կատարեն, սակայն պետությունը թույլ չի տալիս տեղափոխումը։ Ամեն անգամ երբ ասում ենք՝ թույլ տվեք վիրահատության գնալ, որովհետև չգնալը խնդիրները խորացնում է կոնքի օրգաններում ու վերջույթներում խնդիրները»,-ասել է Սարգսյանը։
Ըստ պաշտպանի՝ վիրահատության կարիք կա 2019-2020 թվականներին դեռ։ Այս ժամանակ թույլ չեն տվել վիրահատության գնալ, ինչն էլ Խաչատրյանի՝ անվասայլակին հայտնվելու պատճառն է դարձել։
«Պետական հանձնաժողովները, առողջապահության նախարարությունը մի քանի անգամ ստուգել ու ասել է, որ վիրահատությունը անհրաժեշտ է։ Երբ դատարանում արտերկիր գնալու միջնորդություն ենք ներկայացնում, նորից են ասում՝ գնացեք ստուգվեք։ Ստուգում են, պատասխանը ստանում, բայց էլի թույլ չեն տալիս։ Խաչատրյանին այլ բուժում չկա, պետք է վիրահատություն»,-ասել է նա։
Դատն ուշացումով սկսվեց, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Խաչատրյանին շտապօգնության մեքենայով ու ուղեկցող բժիշկներով ներկայացավ դատարան։