
ՔԿՀ-ներում սպանությունների և ինքնասպանությունների ցուցիչն ուղղակի խայտառակություն է, միայն մեկ տարում՝ 27 մահ․ Լիլիթ Գալստյան
Այսօր բառիս բուն իմաստով կալանավորված է Հայաստանը, կալանավորված է սոցիալական երկիրը, կալանավորված է իրավական երկիրը և ամենակարևորը՝ ժողովրդավարությունը․ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Ես ամենայն վստահությամբ ասում եմ, որ ժողովրդավարությունը ոչ թե հետընթաց է ապրում, այլ ժողովրդավարությունը բառիս բուն իմաստով մահացել է Հայաստանում, որովհետև Հայաստանում չի գործում Սահմանադրությունը, չեն գործում, բնականաբար, օրենքները, կալանավորված է մեր խիղճը, մեր համոզումը, մեր հավատը, և ամենակարևորը՝ ապագայի շուրջ մեր մտածումները»,- նշեց պատգամավորը։
Այսօր, ըստ նրա, քրեակատարողական հիմնարկներում սպանությունների և ինքնասպանությունների ցուցիչն ուղղակի խայտառակություն է․ «Միայն մեկ տարում ունենք 27 մահ քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 10-ը ինքնասպանություն է, 17-ն՝ առողջության բերումով։ Բոլորը գիտեն, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ի՞նչ անմարդկային պայմաններ են, և այդ քրեակատարողական հիմնարկը գոյության իրավունք պիտի չունենար․․․Մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հումանիզմի, մարդկային վերաբերմունքի մասին խոսելը բառի բուն իմաստով անիմաստ է»։


