Գործող իշխանությունը փորձում է մոռացության տալ ոչ միայն Արցախը, այլև մեր պատմական հայրենիքը․ ԱՀ քաղաքական գործիչ
Արցախի վերածննդի օրվան նվիրված ավանդական միջոցառում էր տեղի ունենում Արցախի ներկայացուցչությունում։ Ինչպես Արցախում էինք հավաքում, այնպես էլ այստեղ ենք հավաքվել, հիշել մեր անցած ուղին, սխալները, այս մասին ասել է Արցախի քաղաքական գործիչ Ալյոշա Գաբրիելյանը։
«Մենք քննարկել ենք նաև Արցախը վերադարձնելու և հավաքական վերադառնալու, հիմա Արցախի համայնքը պահելու մասին։ Վերադարձի ճանապարհները տարբեր են, բայց իմ տեսակետն այն է, որ ՀՀ գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որ Արցախ բառը չհնչի ու մոռացության տան ոչ միայն Արցախը, այլև մեր պատմական հայրենիքը:
Հանդիպմանը չենք անդրադարձել Արցախը լուծարելու հրամանագրին։ Ինքս չեմ կարևորում այդ փաստաթուղթը, որովհետև ոչ մի պաշտոնյա չի կարող հանրաքվեով հաստատված պետությանը ստորագրությամբ հանձնել»,- ասել է Ալյոշա Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի շարժման 36-րդ ամյակին նվիրված նիստ է տեղի ունեցել Արցախի ներկայացուցչությունում։ Նիստին մասնակցում են ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, շարժման մասնակիցներ։