21 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանը խոստանում է պատժել այն երկրներին, որոնք թույլ կտան իրենց տարածքից հարվածներ հասցնել Իրանին

Թեհրանը խոստանում է պատժել այն երկրներին, որոնք թույլ կտան իրենց տարածքից հարվածներ հասցնել Իրանին

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատասխան քայլեր կձեռնարկի այն երկրների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց տարածքներից հարձակումներ իրականացնել Իսլամական Հանրապետության վրա:

«Մենք բազմիցս հայտնել ենք, որ հարևան երկրների օդային և ցամաքային տարածքները չպետք է օգտագործվեն մեր երկրի դեմ հարձակումներ կատարելու համար»,- ասել է Ղալիբաֆը շաբաթ օրը Լիբանանում՝ Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Իրանը համոզված է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հարևան երկրները գիտակցում են այս հարցի լրջությունը և նախկինում ստանձնած պարտավորությունների համաձայն չեն օգտագործի իրենց տարածքները Իրանի դեմ:

«Մենք խաղաղ հարաբերություններ ենք պահպանում տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Սակայն, եթե որևէ երրորդ երկրի տարածք օգտագործվի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի համար, մեր պատասխանը կլինի կոշտ ու կանխատեսելի։ Որևէ տարածք, որտեղից կսկսվի հարձակում Իրանի դեմ, կդառնա մեր գործողությունների թիրախը։ Չնայած չենք ձգտում պատերազմի ընդլայնմանը, բայց մենք ուժեղ և համարժեք պատասխան կտանք մեր երկրի վրա ցանկացած հարձակման»,- ընդգծել է Ղալիբաֆը։

Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ իրականացված հրթիռային հարձակմանը:

«Մեր պատասխանը ռազմական էր, քանի որ թիրախավորել էինք բացառապես իսրայելական ռեժիմի ռազմական, հետախուզական և անվտանգության օբյեկտները»,- պարզաբանեց նա:

Ղալիբաֆը հավելել է, որ Իրանի գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին և Իրանը չի վախենում թշնամուց: Նա նաև վերահաստատել է Իրանի աջակցությունը Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդներին։