22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկ Դեմոյանը առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին

Հայկ Դեմոյանը առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին

«Ցեղասպանության թանգարան» ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին:

«Բերման ենթարկելու միջնորդություն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին ԵԴ2/36006/02/23 քաղաքացիական գործի հաջորդ նիստին ներկա գտնվելու համար միջնորդություն եմ ներկայացրել չորս անձի որպես վկայի բերման ենթարկելու համար:

Դատական վճիռ կայացնելու համար միջնորդում եմ վկայի կարգավիճակով բերման ենթարկել հետևյալ չորս ՀՀ քաղաքացիներին, որոնց ներկայությունը դատական նիստի ընթացքում խիստ կարևոր է` գործին առնչվող կարևոր մանրամասնություններ պարզելու ու պարզաբանելու համար:

Այդ անձինք են`

Հարություն Մարության

Որպես հայցորդ կողմ և վկա, Հարություն Մարությանի ներկայությունը դատական նիստին համարում եմ պարտադիր` մի քանի հարցադրումների հստակ պատասխաններ տալու, ինչպես նաև իր գործունեությամբ ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու իմ մեղադրանքներին հակադարձելու ու հակափաստարկներ ներկայացնելու համար: Նախորդ միջնորդությունից հետո Հ. Մարությանը չի ներկայացել դատական նիստի: Հայցորդ կողմի բացակայությունը և խուսանավումը դատական դահլիճում առերեսվելուց, իմ դեմ ներկայացված մեղադրանքների հիմնազուրկ լինելու լավագույն ապացույցն է հանդիսանալու:

Լուսինե Խառատյան

Լուսինե Խառատյանը 2019 թվականին հրատարակել է ՀՀ ռազմավարական անվտանգությանը ներկա պահին լուրջ սպառնալիք ներկայացնող հետազոտություն, որի արդյունքները հանրային ելույթների ու ներկայացումների տեսքով հիմք են հանդիսացել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Այդ հետազոտությունն իրականացվել է արտասահմանյան դրամաշնորհի միջոցով, ուստի այս դրվագներով լուրջ պարզաբանումների ու բացատրությունների կարիք կա: Լուսինե Խառատյանը պետք է հաստատի, որ ադրբեջանական պետական հակահայ քարոզչության տեսանյութերում երևացող անձը հենց ինքն է, իսկ վերջինիս մտքերին ու տեսակետներին արված հղումներն այդ տեսանյութերում ստույգ ու անհերքելի են: Հայցորդ Հարություն Մարությանը հանդիսանում է այդ աշխատանքը հրատարակության երաշխավորող անձերից մեկը:

Հրանուշ Խառատյան

Հրանուշ Խառատյանը հանդիսանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի, ինչպես նաև «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի հիմնադիր անդամ: Երկու դեպքում էլ նրա առնչությունը ՀՀ տեղեկատվական անվտանգությունը խարխլող և ՀՀ ռազմավարական անվտանգության համար սպառնալիքներ ստեղծող գործողություններին ակնհայտ է: Պետք է պարզաբանել «Հազարաշեն»-ի ներգրավածության չափն ու ծավալը նման հետազոտություն իրականացնելու ժամանակ, ինչպես նաև ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի կողմից նման աշխատանքը տեղեկատվական դաշտում ՀՀ խոցելի վիճակում գտնվելու պայմաններում երաշխավորելու հիմքերն ու հանգամանքները:

Ժաննա Անդրեասյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի ներկայությունը դատական նիստին պարտադիր է հետևյալ դրվագներով. նախ Ժաննա Անդրեասյանը, որպես գիտության համար պատասխանատու անձ, պետք է պարզաբանումներ ներկայացնի ՀՀ ԳԱԱ գիտաշխատողների մասնակցությամբ ՀՀ ռազմավարական անվտանգությունը խարխլող ու հարվածի տակ դնող գործողությունների կապակցությամբ: Մյուս դրվագով, որն ուղղակի առնչություն ունի հայցորդ կողմի` ինձ հասցեագրված մեղադրանքների հետ, պետք է պարզաբանվեն ԿԳՄՍ նախարարությունից Հուշարձանների պահպանության ու վերականգման գործակալությանը ՀՀ տարածքում մահմեդական գերեզմանների հաշվառման համար նամակ-հանձնարարական ուղարկելու դրվագը, ինչպես նաև այդ գործողության ու «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի կողմից արտասահմանյան դրամաշնորհի աջակցությամբ իրականացվող նախագծի փոխկապակցվածությունն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ներկայացուցիչներին հրավիրում եմ ներկա գտնվել հաջորդ դատական նիստին:

Դատական նիստի ժամանակ կներկայացվեն ադրբեջանական հակահայ քարոզչության տեսանյութերը, որոնք պատրաստվել են Լուսինե Խառատյանի հանրային ելույթներին ու հետազոտություններին արված հղումներով», – գրել է Դեմոյանը սոցցանցի իր էջում։