Դիվանագիտական ծեծկռտուքները COP29-ի ընթացքում․ Euractiv-ն ամփոփել է Ադրբեջանի կլիմայական գագաթնաժողովը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բոցաշունչ հռետորաբանությունը և հանածո վառելիքի քարոզչությունը ստվերել են COP29-ի կլիմայական գլոբալ օրակարգը և հարց առաջացրել բնապահպանական առաջընթացին Ադրբեջանի հանձնառության վերաբերյալ, գրել է Euractiv-ը:
Նոյեմբերի 11-ին Ալիևը բացել է համաժողովը՝ խստորեն քննադատելով արևմտյան «երեսպաշտությունը»։ Երկու օր անց նա սրել է հռետորաբանությունը՝ մեղադրելով Ֆրանսիային և Նիդեռլանդներին իրենց անդրծովյան տարածքների հետ «նեոգաղութային» հարաբերություններ պահպանելու համար:
Գագաթնաժողովում Ալիևը նաև թիրախավորել է ավելի լայն եվրոպական կառույցներ՝ մեղադրելով Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին «քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ» լինելու համար՝ նրանց և Ֆրանսիայի նախագահ Մակրոնին պատասխանատու համարելով «անմեղ մարդկանց սպանությունների» համար։
COP-ի բանակցությունների պատմության մեջ շատ հազվադեպ հանդիպած նման քաղաքական հարձակումներն արագ արձագանք են ստացել եվրոպացի դիվանագետների և պաշտոնյաների կողմից:
Ֆրանսիայի բնապահպանության նախարար Անյես Պանյե-Ռունաշերը մեկնաբանությունները անվանել է «անընդունելի» և «COP-ի նախագահության արժանապատվությունից ցածր»: Ի նշան բողոքի՝ նա չեղարկել է իր այցը բանակցություններին՝ ընտրելով հեռակա կարգով աջակցել Ֆրանսիայի և ԵՄ-ի բանակցող թիմերին:
Դիվանագիտական ծեծկռտուքն ավելի է սրվել նոյեմբերի 19-ին, երբ Ֆրանսիայի ԱԳՆ կանչել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային։ Ի պատասխան ՝ հաջորդ օրը (նոյեմբերի 20-ին) Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին ՝ վկայակոչելով «Ադրբեջանին ուղղված գործողությունները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»:
ԵՄ-ի կլիմայի հարցերով հանձնակատար Վոպկե Հոքստրան իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիային: «Նեոգաղութատիրության մեղադրանքները՝ ուղղված Նիդեռլանդներին և Ֆրանսիային, բացարձակապես անտեղի են և չեն նպաստում առաջընթացին», – նշել է նա:
Ալիևն ավելի ու ավելի է տարածում Ֆրանսիայի դեմ ուղղված հակագաղութային հռետորաբանությունը, քանի որ Փարիզի հետ հարաբերությունները վատթարացել են, հատկապես անցյալ տարի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո: Այս իրադարձությունից հետո Բաքուն Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասն ապակայունացնելու մեջ՝ աջակցելով «անջատողական միտումներին»։
Ավելին, Բաքվի նախաձեռնող խմբի միջոցով Ադրբեջանն աջակցում է անկախության կողմնակից ակտիվիստներին այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Ֆրանսիական Պոլինեզիան և Նոր Կալեդոնիան: Այս նախաձեռնությունը ավելի է լարել Ադրբեջանի հարաբերությունները Ֆրանսիայի հետ։
Այս համատեքստում, COP29-ի ժամանակ եվրոպական երկրներին ուղղված Ալիևի արտահայտությունները կասկածներ են առաջացրել, որ Ադրբեջանը օգտագործում է գլոբալ գագաթնաժողովը իր քաղաքական շահերն առաջ մղելու համար՝ կլիմայական խնդիրներին անկեղծորեն անդրադառնալու փոխարեն:
Որպես նավթային պետություն՝ Ադրբեջանը մեծապես հենվում է նավթի և գազի վրա, որոնք կազմում են նրա արտահանման մոտ 90%-ը և պետական բյուջեի 60%-ը:
Իր բացման խոսքում Ալիևը հաստատակամորեն հայտարարեց հանածո վառելիքը որպես «Աստծո պարգև»՝ պնդելով, որ Ադրբեջանը «չպետք է մեղադրվի» դրանց արտադրության մեջ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի COP29 թիմի ղեկավար Էլնուր Սոլթանովը փորձեց գազային գործարքներ կնքել՝ կասկածի տակ դնելով արտանետումների զգալի կրճատմանը երկրի իրական հանձնառությունը:
Մարդու իրավունքների լուրջ խախտումների ֆոնին՝ Ալիևը նաև քննադատել է քաղաքացիական հասարակության խմբերին։