Անդրկովկասում իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ․ Известия
Հայաստանն ու Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում ինտենսիվ բանակցություններ են վարել՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր և կարգավորել հարաբերությունները։ Սակայն դեկտեմբերին հաջողության հասնել չի հաջողվել, իսկ Բաքվի պահանջների ցանկը միայն աճում է, գրել է Известия-ն։ Ադրբեջանական կողմը, մասնավորապես, ցանկանում է, որ Երևանը հրաժարվի միջազգային դատարանների հայցերից, համաձայնի վերանայել իր Սահմանադրությունը և ընդունի «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների»։ Փորձագետները նշում են, որ նման պայմաններում Անդրկովկասում իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։
Կարեիլի է ենթադրել, թե Երևանն ու Բաքուն եթե ոչ անցյալ տարի, ապա այս տարի անպայման համաձայնության կգան։ Իրականում, սակայն, զգուշության շատ պատճառներ կան։ Փաստն այն է, որ ադրբեջանական կողմն ունի պահանջների անընդհատ ընդլայնվող ցանկ։
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները դեռ չեն հասունացել։ Ըստ կայքի զրուցակցի՝ այս տարի իրավիճակը կարող է բարելավվել։
«ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ։ Հույս կա, որ Վաշինգտոնն ավելի պրագմատիկ քաղաքականություն կվարի և կդադարի միջամտել աշխարհի տարբեր, այդ թվում՝ Անդրկովկասում մեր հակամարտություններին։ Նման պայմաններում տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու հնարավորությունները կմեծանան։ Եթե դա տեղի չունենա, ապա շատ դժվար է ակնկալել որեւէ բանակցային հաջողություն»,- ընդգծում է նա։
Ըստ այլ փորձագետների՝ այս տարի հնարավոր է զինված էսկալացիա։ Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն, Թուրքիան ամրապնդվել է՝ հասնելով Սիրիայում իրանամետ ուժերի պարտությանը։ Փաստորեն, Բաքուն և Անկարան այժմ պատրաստվում են նոր պատերազմի Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Միաժամանակ հայկական կողմը շարունակելու է խաղաղության պայմանագիր կնքելու փորձերը։ Սակայն փորձագետները համարում են, որ նույնիսկ այս փաստաթղթի պաշտոնական ստորագրումը ոչինչ չի փոխի։