
Հայաստանը՝ «սահմանադրական խաչմերուկում»․ ավելի լա՞վ, թե՞ վատ ապագա․ Eurasianet
Փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրվագծել է երկրի վերափոխման իր տեսլականը, որը նա անվանում է «Իրական Հայաստան»։ Այն ընդգծում է ձեռներեցության և հայրենասիրության իմաստի նոր ըմբռնման անհրաժեշտությունը՝ կենտրոնանալով ապագայի վրա և բաց թողնելով անցյալը. գրել է Eurasianet-ը:
Փաշինյանի տեսանկյունից՝ ռազմավարական անհրաժեշտությունը թելադրում է նոր սահմանադրության անհրաժեշտություն. Ռուսաստանի հետ Հայաստանի երկարամյա գործընկերությունը փլուզվել է՝ խաթարելով Հայաստանի անվտանգությունը։ Այժմ Հայաստանը պետք է հարմարվի, որպեսզի դառնա «ավելի կենսունակ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»։
Սահմանադրության փոփոխությանն ուղղված ցանկացած քայլ, անշուշտ, կառաջացնի խիստ զգացմունքային բանավեճ Երևանում: Շատերը նաև պնդում են, որ Ղարաբաղի հարցում զիջումը կխրախուսի Ադրբեջանի հետագա պահանջները, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Միջանցքի երկայնքով անարգել տեղաշարժի Բաքվի պահանջին խոնարհվելը, շատ հայերի կարծիքով, անընդունելի ոտնձգություն կլինի Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:
Հաշվի առնելով, որ Փաշինյանի կառավարությունը կորցրել է վստահությունը Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի նկատմամբ, «Իրական Հայաստան» դոկտրինը կոչ է անում երկրի աշխարհաքաղաքական վերակողմնորոշում կատարել Մոսկվայից դեպի ԱՄՆ և Եվրամիություն, ինչն արտացոլված է Երևանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու վերջին որոշման մեջ։
Սա Հայաստանին բարդ իրավիճակում է դնում, քանի որ երկրի տնտեսությունը կախված է Ռուսաստանից՝ որպես առևտրային գործընկեր և էներգիա մատակարարող։ Միևնույն ժամանակ, քիչ հավանական է, որ Հայաստանը շուտով ստանա անվտանգության որևէ լուրջ երաշխիք կամ փոխակերպող տնտեսական աջակցություն ԱՄՆ-ից և ԵՄ-ից։ Ներկայում Արևմուտքի աջակցությունն ավելի շատ խորհրդանշական և հռետորական է, քան՝ գործնական: Հաշվի առնելով ներքին լարվածությունը և արտաքին ճնշումները, հավանական է երեք հնարավոր արդյունքներից մեկը. Հայաստանի արագ ռազմավարական վերադասավորումների շանսերը ներկայումս ցածր են թվում՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի «Իրական Հայաստան» դոկտրինը չունի ժողովրդական աջակցության կրիտիկական զանգված։ Ռուսաստանը կարող է տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել, իսկ Ադրբեջանը կարող է լրացուցիչ տարածքային կամ տնտեսական զիջումներ փնտրել Երևանից՝ կաթվածահար անելու Հայաստանի կառավարումը և, հնարավոր է, տապալելու Փաշինյանին։
Մեկ այլ սցենար ենթադրում է Փաշինյանի տեսլականի աստիճանական ադապտացիա։ Եթե նա կարողանա ստիպել Ադրբեջանին ստորագրել հաշտության պայմանագիրը, Փաշինյանը կարող է իր համար որոշակի ժամանակ գնել։ Հնարավոր է, որ նա ստիպված լինի հետ մղել նոր սահմանադրության իր ժամանակացույցը, սակայն այն փաստը, որ կառավարության օրակարգին դեմ հանդես եկող ներքին ուժերը ներկայումս չունեն միասնականություն, Փաշինյանին տալիս է հնարավորություն 2026 թվականին վերընտրվելու համար: Գործընթացը կներառի տնտեսական դիվերսիֆիկացում, զգույշ ներգրավվածություն Ադրբեջանի հետ և ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կապերի խորացում՝ առանց տարածաշրջանային ապակայունացման հրահրման: Հայաստանն այժմ կանգնած է սահմանադրական խաչմերուկում։ Գործընթացը առաջիկա ամիսների և տարիների ընթացքում կփորձարկի Փաշինյանի քաղաքական և դիվանագիտական հմտությունների սահմանները և կձևավորի Հայաստանի ապագան՝ ավելի լավ կամ վատ գալիք տասնամյակների ընթացքում։