
Ինչո՞ւ է տրանսպորտում վալիդատորը մերժում ձեր քարտը և ինչպե՞ս է աշխատում ալգորիթմը
Տրանսպորտում բանկային քարտով վճարումը քաղաքացիների համար ամենօրյա հոգս է դարձել։ Համակարգը երբեմն անգամ լիցքավորված քարտերն է մերժում։ Telcell ընկերության փոխտնօրենն ասում է՝ հատուկ ալգորիթմ է աշխատում, որն էլ դառնում է մերժման պատճառ։
Ի տարբերություն խանութների, սուպերմարկետների գումարի գանձման սարքերի, որոնք օնլայն են աշխատում և միանգամից գանձում են գումարը` ավտոբուսների վալիդատորները օֆլայն տարբերակով են աշխատում։ Սա նշանակում է, որ երբ ուղևորը քարտը մոտեցնում է վալիդատորին, գումարը անմիջապես չի գանձվում։
«Երբ քաղաքացին մոտենում է վալիդատորին և փորձում է վճարել իր երթևեկության համար, բանկային քարտը վալիդատորին մոտեցնելուց հետո, սարքը պարզապես ստուգում է` արդյոք այդ բանկային քարտը գտնվո՞ւմ է սև ցուցակում, թե՞ ոչ»,- ասում է Telcell ընկերության փոխտնօրեն Լիանա Հունանյանը։
«Սև ցուցակն» այն քարտերի ցուցակն է, որոնք համակարգին պարտք են մնացել․ այսինքն՝ քաղաքացին երթևեկել է, սակայն սարքի՝ վալիդ չլինելու պատճառով գումարը չի գանձվել։ Այսինքն՝ անգամ եթե կանաչ լույս է վառվում, հնարավոր է՝ գանձումը իրականացված չլինի։ Քաղաքացին անցնում է, զբաղեցնում իր տեղը տրանսպորտային միջոցում, բայց գումարը գանձվում է մի փոքր ավելի ուշ․ «Երբ դուք երթը կատարում եք, այդ պահին չի հաջողվում համակարգին գումարը գանձել, ինքը գանձման հաջորդ փորձը կատարում է 10 րոպե հետո: Եթե կրկին չի ստացվում իր մոտ, մեկ ժամ հետո է փորձում, եթե մեկ ժամ հետո նույնպես չի հաջողվում, հաջորդ փորձը տեղի է ունենում 24 ժամ հետո, հաջորդը՝ հինգ օր հետո և 28 օր հետո, և դրանից հետո համակարգը դադարում է այդ ավտոմատ գանձումը»։ Իսկ գանձումը կարող է չհաջողվել, երեք դեպքում․
- եթե ձեր քարտի վրա գումար (տրանսպորտային քարտի դեպքում՝ ակտիվ փաթեթ) չկա,
- եթե բանկը սահմանափակել է ձեր գործարքների քանակը,
- եթե բանկը սահմանափակել է գումար ծախսելու սահմանաչափը Ձեր քարտի վրա գումար հայտնվելու դեպքում այդ գումարն ավտոմատ գանձվում է։
Ու եթե անգամ մոտենաք վալիդատորին ու առաջին անգամ քարտը մոտեցնելիս մերժված ցույց տա, նշանակում է՝ գումարը դեռ չի գանձվել։ Գանձվելուն պես վալիդատորը կհաստատի և կանաչ լույս կվառվի․ «Այսպես ասեմ, եթե դուք չեք երթևեկել, ձեզանից պարտք գոյացած չի կարող լինել, եթե դուք համեմատեք ձեր երթերի քանակը և ձեզանից կատարված գանձումները, ապա դուք կտեսնեք, որ ձեր երթերի քանակն ու գանձումների քանակը համընկնում է մեկին մեկ», – եզրափակեց Լիանա Հունանյանը։ Այսպիսով՝ տրանսպորտում վճարումը միշտ չէ, որ տեղի է ունենում հենց տվյալ պահին, և ուշացած գանձումները գրեթե միշտ կապված են նախորդ երթերի չվճարված գումարների հետ։


