
Հարավային Կովկասի ողջ ներուժը կարող է բացահայտվել ՀՀ-ի ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․Կավելաշվիլի
Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Միխեիլ Կավելաշվիլին և Իլհամ Ալիևն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական, տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը, լայնածավալ ռազմավարական նախագծերն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Կավելաշվիլին հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկխոսության և դիվանագիտության խթանման գործընթացում, և Ալիևին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վրաստան։
«Ես խորապես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում փորձարկված ռազմավարական և բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև կշարունակեն ամրապնդվել և ձեռք բերել նոր հարթություն՝ մեր երկրների ազգային շահերի իրականացման համար: Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը», – հայտարարել է Կավելաշվիլին: Նա ընդգծել է, որ Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների կարգավորման օգտին։
Վրաստանի նախագահը նշել է, որ Հարավային Կովկասը խաղաղության կարիք ունի՝ միջազգային մասշտաբով տարածաշրջանի ազդեցությունն ամրապնդելու համար։
«Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Եվս մեկ անգամ հաստատում եմ իմ երկրի դիրքորոշումը, որը կողմ է երկխոսությանը և դիվանագիտությանը», – նշել է Վրաստանի նախագահը։