
Բայրամովը կրկին փնովել է ՀՀ-ին՝ ԵՀ փոխնախագահին բողոքելով Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք հնարավորություն են ունեցել քննարկելու ընդհանուր աշխարհագրության անվտանգության իրավիճակը, շարունակվող հակամարտությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա և մի շարք այլ հարցեր։
Նախարարն ընդգծել է, որ Կայա Կալասին տեղեկացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին. «Ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի, խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին այս տարվա մարտին։ Ադրբեջանի ակնկալիքները Հայաստանից ևս մեկ անգամ մանրամասն բացատրվել են։ ԵՄ-ի մեր գործընկերները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը։ Այն նորություն չէ և արդեն 2 տարի է, ինչ սեղանին է»։
Ակնկալվում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ «Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու» և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։
Բայրամովը կրկին առիթը բաց չի թողել ՀՀ-ին փնովելու համար․ մեղադրել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու մեջ, մինչդեռ ածխարհը մեկ անգամ չէ որ ականատես է եղել վերոնծյալ երկրներում ՀՀ դրոշի անարգմանը․ «Հայաստանի ակտիվ ռազմականացումը դեռևս սպառնալիքի աղբյուր է մնում: Ռևանշիստական տրամադրությունների մասին խոսելով՝ կցանկանայի նշել վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը: Ցավոք, նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաև Ֆրանսիայում: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու համար, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն»:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավրարը նաև անդրադրձել է ականազերծման հարցին՝ նշելով, որ ԵՄ-ի հետ այս ոլորտում ավելի մեծ նախագծերի իրականացումն իր երկրի շահերից է բխում։ «Հուսով եմ, որ ապագայում դրան հատուկ ուշադրություն կդարձվի», – նշել է Բայրամովը։