
Եթե Ուիթկոֆը Մոսկվայից վերադառնա ձեռնունայն, Թրամփը կկատաղի․ միջազգային լրավամիջոցներ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը ժամանել է Մոսկվա՝ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Դոնալդ Թրամփի վերջնագրի լրանալուց մի քանի օր առաջ։ Հայտնի չէ՝ կհանդիպի՞ ՈւիթկոֆըՊուտինի հետ, թե՞ ոչ, սակայն Կրեմլը չի բացառել նման հնարավորությունը։ Այս մասին գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես նշվել է, մեկ օր առաջ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Պուտինը դեռ ցանկանում է շարունակել պատերազմը, բայց չի ցանկանա լիովին փչացնել հարաբերությունները Թրամփի հետ։
Սա արդեն Ամերիկայի նախագահի հատուկ ներկայացուցչի հինգերորդ այցն է Մոսկվա։ Նախորդ անգամ նա եկել էր ապրիլի վերջին և հանդիպել Վլադիմիր Պուտինին։
Ուիթկոֆի այսօրվա այցը Ռուսաստանի մայրաքաղաք տեղի է ունենում Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանին ներկայացված վերջնագրի ֆոնին։ Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում առաջընթացի բացակայությունից հիասթափված՝ Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանին տվել է 50 օր, ապա՝ կրճատել մինչև 10-ը, հրադադարի հասնելու համար։ Վերջնագրի ժամկետը լրանում է ուրբաթ՝ օգոստոսի 8-ին։
Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներով և մաքսատուրքերով Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե մինչև այդ ամսաթիվն առաջընթաց չտեսնի խաղաղության գործընթացում։ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը խոստացել է առաջիկա 24 ժամվա ընթացքում զգալիորեն բարձրացնել Հնդկաստանից ներմուծման մաքսատուրքը ներկայիս 25%-ից՝ հաշվի առնելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի շարունակական գնումները։ Սակայն դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կկայացնի՝ հիմնվելով Ուիթկոֆի՝ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքների վրա։
Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ ՝ Սպիտակ տունը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել 213 նավերի նկատմամբ, սակայն Թրամփը դեռևս չի ընդլայնել այս ցանկը։
«Դա կախված կլինի նրանից, թե ինչով կվերադառնա Վիտկոֆը։ Եթե նա վերադառնա ձեռնունայն, Թրամփը կկատաղի », – Financial Times-ին հայտնել է աղբյուրը։
Ինչպես նկատել է BBC-ն, Պուտինի և նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հրապարակային հռետորաբանությունը բացարձակապես չի փոխվել Թրամփի կողմից վերջնագրի հրապարակումից ի վեր։ Կրեմլը դեռևս պնդում է «հակամարտության արմատական պատճառները վերացնելու» վրա։
Պուտինը նաև կասկածանքով է մոտենում, որ ԱՄՆ հետագա պատժամիջոցները մեծ ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության վրա՝ արդեն իսկ կիրառված մի շարք տնտեսական սահմանափակումներից հետո։
CNN-ը հաղորդել է, որ Կրեմլը խնդրել է Վիտկոֆին գալ Մոսկվա՝ որպես վերջին փորձ՝ Թրամփի կողմից նոր պատժամիջոցներից խուսափելու համար։
Ըստ է Bloomberg-ի՝ այցը վերջին հնարավորությունն է Թրամփի հետ համաձայնության հասնելու համար, չնայած հաջողության ակնկալիքները փոքր են։ Աղբյուրների տվյալներով՝ այս բանակցություններում Մոսկվայի հնարավոր առաջարկներից մեկը կարող է լինել օդում հրադադարը, բայց ոչ ցամաքում, եթե Ուկրաինան նույնպես համաձայնվի դրան։


