
Հայերը պետք է պատրաստվեն վատագույնին․ շտապողական խաղաղության համաձայնագիրը կարող է մոտեցնել Ալիևին իր նկրտումների իրականացմանը․ Ռուբին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչ միայն խաղաղություն Ադրբջանի հետ, այլև՝ ընտրություններից առաջ կնքված համաձայնագիր, քանի որ նա վախենում է բացահայտ քննարկել իր զիջումները։ Այս մասին գրել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը Mirror Spectator-ում հրապարակված իր հոդվածում։
Ըստ հեղինակի՝ Ալիևի նկատառումները տարբեր են։ Նա ձգտում է ոչ թե խաղաղության, այլ՝ մի գործընթացի, որից կարող է քաղաքականապես և ֆինանսապես շահույթ ստանալ՝ միաժամանակ առաջ մղելով իր գաղափարախոսական նկրտումները՝ ոչնչացնելով Հայաստանը։ Ադրբեջանական հռետորաբանությունը չի վկայում խաղաղության ցանկության մասին, և ոչ էլ նրա կողմից Հայաստանի պատմական լեգիտիմության ժխտումը ենթադրում է հակամարտության լուծում։
Ինչպես նշել է Ռուբինը, ներքին քաղաքականությունը նույնպես դեր է խաղում. Փաշինյանը և նրա ընդդիմությունը բանավիճում են ներքին հարցերի շուրջ։ Իսկ Ալիևը պետք է շեղի իր բնակչության ուշադրությունն արտաքին թշնամու միջոցով, որպեսզի նրանք չսկսեն կասկածի տակ դնել նրա կարողություններն ու օրինականությունը։ Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղում հայկական վերահսկողությունն էր ապահովում այդ շեղումը։ Լեռնային Ղարաբաղի նվաճման և բնիկ հայ բնակչության արտաքսման հետ մեկտեղ Ալիևը պետք է գտնի նոր թշնամի, հակառակ դեպքում՝ կհայտնվի փլուզման եզրին։ Այդ թշնամին շարունակում է մնալ Հայաստանը։ Այստեղից էլ Ալիևի հռետորաբանությունն այն մասին, որ «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է»։ Հեղինակի խոսքով՝ Ալիևը բանակցությունները համարում է ասիմետրիկ պատերազմի ռազմավարություն՝ իր գործողությունների համար անձեռնմխելիություն ձեռք բերելու գործընթացի միջոցով՝ միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը։
Ռուբինն ընդգծել է, որ Հայաստանը մինչ օրս գաղտնիության մեջ է պահել խաղաղության գործընթացը։ Սա վատ պատկերացում է ժողովրդավարության մասին։ Եթե Փաշինյանը կարծում է, որ իր գործարքը ներկայացնում է լավագույն, ամենաիրատեսական, արդար և մշտական արդյունքը, ապա նա չպետք է վախենա այն պաշտպանելուց։
Իրականությունն այն է, որ, մի կողմ թողնելով հայտարարությունները և ստորագրման շքեղությունն, Ադրբեջանը դեռևս ձգտում է վերացնել Հայաստանը, և այս շտապողական խաղաղության համաձայնագիրը կարող է իրականում մոտեցնել Ալիևին իր նկրտումների իրականացմանը։ Թրամփի կողմից 907-րդ բաժնից հրաժարվելը հնարավոր է հնարավորություն տա Ադրբեջանին Միացյալ Նահանգներից զենք գնելու՝ զենք, որի միակ նպատակը, կարծես, հայերին սպանելն է։
Հեղինակը նաև նկատել է, որ երբ, օրինակ, Թրամփը հեռանա պաշտոնից կամ մահանա, Ալիևը կարող է հաշվարկել, որ կարող է պարզապես ուժով գրավել Սյունիքը, ինչպես որ արեց Լեռնային Ղարաբաղը։ «Պարզ ասած, մինչ Փաշինյանը խաղադրույք է կատարում խաղաղության վրա, հայերը պետք է պատրաստվեն վատագույնին», – նշվել է հոդվածում։


