
Եվրախորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին, Ադրբեջանը քննադատել է
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել: Կառույցը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների կալանավորման կապակցությամբ։
Կառույցը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները։
Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոցները, արձագանքելով բանաձևին, գրել են, որ Եվրախորհրդարանի տվյալ բանաձևն ընդունվել է այն ժամանակ, երբ առաջ է մղվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը՝ այն պայմաններում, երբ հատկապես կարևոր են քաղաքական պատասխանատվությունը և կառուցողական երկխոսության աջակցությունը։
«Մինչ Ադրբեջանն ու Հայաստանը ջանքեր են գործադրում լուծելու իրենց տասնամյակներ տևած հակամարտությունը, մտահոգիչ է, որ Եվրախորհրդարանում որոշակի քաղաքական ուժեր ներկայացնող խափանարար տարրերը կրկին փորձում են ստեղծել քաղաքական և ռազմական լարվածություն։ Տարածաշրջանային կայունության և կայուն խաղաղության հաստատման գործընթացին իրական աջակցությունը պահանջում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում, ուղիղ երկխոսության աջակցություն և փոխադարձ անվստահությունը խորացնող գործողություններից զերծ մնալը», - գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայնով:


