
Տեղահանված արցախցիների չլուծված խնդիրները կարող են «չբուժված վերք» դառնալ ընտրություններից առաջ. Crisis Group
Մինչ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ հաղթահարեց ԼՂ-ից փախստականների սկզբնական հոսքը, նրանց Հայաստանում ավելի լիարժեք ինտեգրման դժվարությունը դարձել է քաղաքական լարվածության աղբյուր. գրում է Crisis Group-ը:
Ինչպես նշվում է, լարվածությունն աճել է, քանի որ փախստականների անվտանգության ցանցը քայքայվում է։ Նիկոլ Փաշինյանի հակառակորդները փորձել են փախստականների դժվարին վիճակը որպես գործիք օգտագործել նրա հետ պայքարում, ինչը հանգեցրել է իշխող կուսակցության բուռն արձագանքին։ Փաշինյանին աջակցող լրատվամիջոցները և նրա որոշ քաղաքական դաշնակիցներ խստորեն քննադատել են արցախցի հայերին՝ մեղադրելով նրանց «Հայաստանի ղեկավարության քաղաքական թշնամիների անշնորհակալ խաղաքարտեր լինելու համար»։
Բանակցությունների շրջանակում Փաշինյանը հրաժարվել է Ղարաբաղի նկատմամբ հայկական ցանկացած պահանջից և խուսափել է ԼՂ հայերի տեղահանության հետ կապված հարցերից, ինչպիսին են նրանց իրավունքները տների, մշակութային ժառանգության և իրենց թողած գերեզմանների նկատմամբ։ Սակայն խաղաղության հասնելու շտապողականությունը ղարաբաղցի փախստականների մոտ առաջացրել է լքվածության զգացում՝ տնտեսապես, քաղաքականապես և բարոյապես։ Եթե այս լարվածությունը չլուծվի, Արցախից տեղահանությունը կմնա բաց վերք հայկական քաղաքականության և հասարակության մեջ։
Փախստականները նաև պայքարում են սոցիալական լարվածության դեմ։ Չնայած հայերի մշակութային և պատմական կապվածությանն Արցախի հետ, փախստականների հոսքը թաքնված դժգոհություն է առաջացրել Հայաստանի հայերի շրջանում՝ կապված իրենց քաղաքականության մեջ Ղարաբաղի կենտրոնական դերի հետ։ Կառավարության պաշտոնյաները, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և իշխող կուսակցության հետ կապված լրատվամիջոցները կրկնել են բացասական հռետորաբանությունը։ Պաշտոնյաները պնդում են, որ փախստականները բավարար չափով երախտապարտ չեն 2023 թվականին իրենց ընդունած հայերին, և պնդում են, որ դժգոհություն արտահայտող փախստականները քաղաքական «թնդանոթի միս» են, որոնց մանիպուլացում են անում ընդդիմությունը և Ռուսաստանը։
Շատերը կարծում են, որ լարվածությունը կսրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հավանական չէ, որ փախստականները կազդեն ընտրությունների վրա։ Այնուամենայնիվ, նրանց ժամանումը Հայաստան 2023 թվականին «սրել է քաղաքական անապահովությունն իշխող վերնախավի շրջանում, որը վախենում էր, որ փախստականները, կորցնելով իրենց տներն ու ապրուստը, կարող են քաղաքականապես մոբիլիզացվել՝ պահանջելու իրավունքներ կամ փոխհատուցում իրենց հայրենիքի կորստի համար»։ Իշխող կուսակցության պաշտոնյաները և նրանց կողմնակիցները մտավախություն են հայտնում, որ ընդդիմության, փախստականների և Ռուսաստանի դաշինքը սպառնալիք է ներկայացնում իրենց կառավարմանը և, հետևաբար, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Սակայն դա խիստ անհավանական է։ Իրենց փոքր թվաքանակից բացի՝ փախստականները, մեծ մասամբ ,քաղաքականապես անտարբեր են։
Հայաստանի պատրաստակամությունը՝ հրաժարվելու Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջներից, նպաստել է Կովկասում խաղաղության հեռանկարներին, սակայն գործընթացը Ղարաբաղի նախկին բնակիչներին թողել է անօգնական վիճակում։ Տեղահանությունը կարող է դառնալ չբուժված վերք։


