
Եթե Փաշինյանն ընտրվի, ոչ թե ԱԺ է ձևավորվելու, այլ «Միլլի մեջլիս»․ Ռուստամյան
Երբևէ ունեցե՞լ ենք վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով խոսի․ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմադիրներն արդեն «վեշերն են հավաքում» ԱԺ-ից։
«Այդ խոսքի մեջ դուք չե՞ք տեսնում աննորմալություն։ Մենք երբևէ ունեցե՞լ ենք վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով խոսի։ Բա, գալ ու էդ փողոցային բառապաշարն անընդհատ լսե՞լ… Իրեն հարգող մարդն այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվել։ Զզվել ենք արդեն»,-ասել է Ռուստամյանը։
Դիտարկմանը՝ եթե զզվել են, ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, Ռուստամյանը հակադարձել է՝ «շուտով հեռանալու են»։ «Բայց, եթե այս իշխանություններն առաջիկա ընտրություններում հաջողեն, ուրեմն կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրություններում ձևավորված Ազգային ժողով, այլ՝ Միլլի մեջլիս։ Դրանից հետո ընդդիմադիրները պետք է մտածեն՝ Միլլի մեջլիսում աշխատելն իմաստ ունի՞, թե՞ ոչ»։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացին՝ Ռուստամյանը նշել է՝ Կարապետյանը քաղբանտարկյալ է, ձերբակալվել է «2 նախադասություն ասելու համար»։


